Հայաստան Քաղաքականություն 

Մենք դիշովի պոպուլիզմով չենք զբաղվում. Շարմազանովը կոռեկտության կոչ է անում

Մենք ընտրություններին մասնակցելու ենք հիմքում որպես թիվ մեկ խնդիր ունենալով Արցախի հարցում որևէ միակողմանի զիջում թույլ չտալը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը. «Մենք բոլորովին նպատակ չունենք ասելու, թե այսօրվա իշխանություններն ազգադավ են կամ ուզում են գնալ զիջումների: Մենք դիշովի պոպուլիզմով չենք զբաղվում: Մենք պարզապես ասում ենք, որ կա լուրջ մարտահրավեր և մենք` որպես պատասխանատու քաղաքական ուժ, անելու ենք ամեն ինչ, ներդնելու ենք մեր փորձը, որպեսզի թույլ չտանք որևէ անցանկալի զարգացում Արցախյան հիմնահարցում: Իսկ ցանկալի զարգացումն այն է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Մենք նաև դեմ ենք այն դիրքորոշմանը, որ հարցը թողնենք Արցախի ժողովրդի որոշմանը, քանի որ սա նշանակում է արցախցիներին միայնակ թողնել մարտահրավերների դեմ, ինչի իրավունքը մենք չունենք: ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորողն է և այդպիսին պետք է շարունակենք մնալ: Սա է նաև պատճառը, որ մենք գնում ենք ընտրություններին»:

Պատասխանելով հարցին, թե ինչու ինքը չկա ՀՀԿ ցուցակի առաջին հնգյակում` Շարմազանովը նշել է, որ այդպես է որոշել կուսակցությունը` հավելելով, որ ինքն առաջընթաց է գրանցել, քանի որ նախորդ ցուցակում 7-րդն է եղել, իսկ այս անգամ 6-րդն է. «Քաղաքական գործիչների արժեքը միայն ցուցակներում տեղ զբաղեցնելով չէ: Ես ոչ մեկ անգամ եմ հայտարարել, որ մանդատի պայքար չեմ մղում: Ես գաղափարի մարդ եմ, սկզբունքի մարդ եմ, անկախ ցուցակում տեղից` նույն կերպ պայքարելու եմ իմ գաղափարների համար»:

ՀՀԿ ներկայացուցիչն ընտրություններում ակնկալում է, որ կուսակցությունը կդառնա իրական ընդդիմություն` երկրորդ բևեռ Ազգային ժողովում. «Ժողովուրդն է ձայն տվողը: Իսկ այն մարդիկ, ովքեր եղել են մեր ցուցակում, իսկ այսօր չկան, նրանց ցանկանում եմ հաջողություն և առհասարակ բոլորին եմ ցանկանում հաջողություն: Մենք այսօր չենք գնում իշխանություն վերցնելու, գնում ենք` որպես իրական ընդդիմություն: Ու ես կարծում եմ, որ Հանրապետականը կմտնի խորհրդարան, լրագրողների մեջ էլ կան մարդիկ, որ Հանրապետականին են ձայն տալու»:

Շարմազանովի խոսքերով, սխալվում են այն մարդիկ, ովքեր կարծում են, թե ինքը կամ Վիգեն Սարգսյանը ձայն չունեն. «Մենք այն եզակի ուժն ենք, որը չի ողջունել այս իշխանազավթումը, կամ իշխանափոխությունը, կամ թավշյա հեղափոխությունը: Մենք ունենք մեր ծրագիրը, այս 6 ամիսների ընթացքում վեր ենք հանել Փաշինյանի ձախողումները, բացթողումները, խոստումների չկատարելը: Մենք բոլորին կոռեկտ քաղաքակիրթ պայքարի կոչ ենք անում, պայքարը պետք է լինի գաղափարական: Մենք հույս ունենք, որ չեն լինի դուխով լինելու, ասֆալտին փռելու կոչեր, ԱԱԾ-ով վախեցնելու հայտարարություններ»:

  • 95
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 7
  •  
  •  
  •  
    103
    Shares

Related Articles