Հարցազրույց Քաղաքականություն 

Ռոբերտ Քոչարյանն է կուտակային կենսաթոշակային համակարգի հիմնադիր հայրը. Սոցապ նախարարը հակադարձում է

analitik.am

Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հակադարձել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Նախարարը պատասխանել է «Արմենպրես»-ի հարցերին:

Պարոն Ասատրյան, ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկայացնում է, որ թեեւ իր մոտ քննարկումների ժամանակ որոշվեց նախապատվությունը տալ սերունդների համերաշխության համակարգին, կենսաթոշակային բարեփոխումները գնացին այլ՝ պարտադիր կուտակային բաղադրիչի գերակայությամբ: Ինչու եւ ինչպես փոխվեց այս ընտրությունը:

Գիտեք, նման պնդումը լավագույն դեպքում կարելի է որակել որպես տարօրինակ: Իհարկե, հասկանալի է պարոն Քոչարյանի ցանկությունը՝ իրադարձությունները շարադրել այսօրվա ընդդիմադիր էմոցիաների լույսով: Սակայն փաստերն անողոք կերպով այլ բան են վկայում:

Նախ, եթե իրապես սերունդների համերաշխության գործող համակարգն էր մեր լուծումը, ապա անհասկանալի է, թե ինչու էր նախագահ Քոչարյանը, 2008թ. փետրվարի 29-ին, ամփոփելով իր նախագահության տարիները ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ, կենսաթոշակային բարեփոխումները նշում որպես նոր նախագահի հիմնական անելիքներից մեկը։

Երկրորդ, եթե նախագահ Քոչարյանի կողմից վավերացված 2005-2006թթ. կառավարության որոշումներում ավելի շատ շեշտադրված էր պարտադիր կուտակային համակարգը, ապա 2008-ի նոյեմբերին ընդունված կառավարության որոշման մեջ սերունդների համերաշխության սկզբունքն ավելի առարկայական տեղ ու դեր ունի:

Մասնավորապես, արդեն իսկ ՀՀ կառավարության կողմից 2005 թվականի ապրիլի 28-ին ընդունված N 666-Ն որոշման մեջ (որն ի դեպ վավերացվել է Ռ. Քոչարյանի կողմից) հստակորեն նշվում էր պարտադիր կուտակային բաղադրատարրը՝

«Պարտադիր կենսաթոշակային ապահովագրություն (որոշակի ժամկետից որոշակի տարիքի անձանց համար` պարտադիր կուտակային կենսաթոշակային ապահովագրություն), յուրաքանչյուր անձ, որը մասնակցում է այս համակարգին ունենում է իր անհատական հաշիվը եւ կենսաթոշակ ստանում այդ հաշվում մինչեւ կենսաթոշակի տարիքը կուտակած իր սոցիալական պարտադիր վճարների եւ կյանքի միջին տեւողության հաշվարկից ելնելով»:

Իսկ ՀՀ կառավարության կողմից 2006 թվականի մայիսի 26-ին ընդունված N 796-Ն որոշումը դա շատ ավելի հստակեցնում էր՝

«… Նոր համակարգն ուժի մեջ մտնելու պահին 30 տարին չլրացած քաղաքացիները պարտադիր անցնում են նոր համակարգին, 30-45 տարիքային խմբում գտնվող քաղաքացիներին տրվում է ընտրության իրավունք մնալու հին համակարգում կամ անցնելու նոր համակարգ: Այս տարիքային խմբի քաղաքացիները նոր համակարգին անցնելուց հետո չեն կարող երբեւիցե վերադառնալ հին համակարգ: …»:

Փաստորեն, ստացվում է, որ Քոչարյանը ստու՞մ է:

Ես սուր գնահատականների կողմնակից չեմ, եւ ի տարբերություն այլոց մեր քաղաքական թիմի բառապաշարում անձնական վիրավորանքները տեղ չունեն: Ես շարադրում եմ փաստեր, որոնք, կարծում եմ, բավական խոսուն են, իսկ պարոն Քոչարյանի կողմից վավերացված կառավարության որոշումները բոլորին հասանելի են:

...Պարոն նախարար, ելնելով Ձեր խոսքերից` ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանն է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հիմնադիր հայրը, այլ ոչ թե Ձեր կառավարությունը:

Այո, պարոն Քոչարյանը կարող է հպարտանալ նրանով, որ հանդիսանում է կուտակային կենսաթոշակային համակարգի հիմնադիր հայրը:


Սկզբնաղբյուր`armenpress.am

Նույն շարքից