Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին` նվիրված 2013թ. արդյունքների ամփոփմանը, և իր ելույթում նշել, որ Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել զինադադարի ռեժիմը, սպառնալիքներ հնչեցնել Արցախի և Հայաստանի հասցեին։
Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, Բակո Սահկյանն անդրադարձել է բանակաշինության գործընթացին, նշել ձեռքբերումներն ու առկա հիմնախնդիրները:
ԼՂՀ նախագահն ընդգծել է, որ բանակաշինությունը եղել է, կա և կմնա ԼՂՀ պետականաշինության առանցքային ուղղություններից մեկը:
Անդրադառնալով Ադրբեջանի հետ սահմանում տիրող իրավիճակին` Նախագահ Սահակյանը նշել է, որ Բաքուն շարունակում է ոտնահարել միջազգային իրավունքի հիմնարար նորմերն ու սկզբունքները` հավելելով, որ ադրբեջանական կողմից նման պահվածքի պայմաններում ԼՂՀ պետք է լինի ավելի զգոն, նախաձեռնությունը մշտապես պահի սեփական ձեռքերում՝ միևնույն ժամանակ չենթարկվելով սադրանքների:
ԼՂՀ Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարին ու բանակի բարձրագույն սպայական անձնակազմին` զինված ուժերի առջև ծառացած խնդիրների պատշաճ լուծման ուղղությամբ: