Քաղաքական 

«Ակօս»-ի անդրադարձը Դինքի սպանության 7-րդ տարելիցին

«Ժամանակը հոսում է։ Երբ հետահայաց նայում ես անցած 7 տարիներին, դժվարանում ես հավատալ, որ արդեն 7 տարի է անցել։ Հավատալը դժվար է, քանի որ դեռ անավարտ որոշ բաներ կան»,- գրում է «Ակօս» շաբաթաթերթը՝ անդրադառնալով թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության 7-րդ տարելիցին։

 

Հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Արդարությունը, օրինակ, չայցելեց և իր դեմքը մեզ ցույց չտվեց։ Դատարանի միջանցքներում և սրահներում խաղացվող խաղերը 7 տարի շարունակ հանրության աչքի առաջ են տեղի ունենում։ Գերագույն դատարանի որոշումից հետո իրավիճակն այնպիսի մեծ խաբեության վերածվեց, որ Դինքի ընտանիքը, դրա մի մասնիկը դառնալ չցանկանալով, հայտարարեց, որ այլևս նիստերին չի մասնակցելու։

 

Պետական ցանցի կողմից իրականացված սպանությունից հետո փաստերը վերացնողները, մարդասպաններին և պատվիրատուներին պաշտպանելուն նպաստող քաղաքականությունը դրա իրագործման հանցակիցը դարձան։

 

Հրանտ Դինքի սպանությունը տեղից մի միլիմետր առաջ չշարժվեց։ Չշարժվելու պատճառով էլ հույս չմնաց, որ Թուրքիայում պետությունը կդադարի հանցագործության մեխանիզմ լինել։

 

Դատարանի, ոստիկանության, զինվորականության, հետախուզության, բյուրոկրատիայի և քաղաքական կառույցների ճակատին որպես սև բիծ է մնում Դինքի սպանությունը։

 

Սակայն գաղափարների դեմ փամփուշտներն անզոր են։ Երբ Հրանտ Դինքը ողջ էր, հավատում էր, որ Թուրքիան «մութ տեղ» չէ, և այն դրախտի վերածել ցանկացողների պայքարը հիմք է դառնալու խաղաղության մեջ համատեղ ապրելու համար։

 

Նա ապրեց հանուն դրա, աշխատեց հանուն այդ գաղափարի։ Այս հողի մարդկանց այս հողերի պատմությունը պատմեց։ Բռնությունից զերծ աշխարհագրական մի տարածք ստեղծելու սերմերը փորձեց ցանել չորս կողմում։

 

Երբ բոլորիս աչքի առաջ 2007թ.-ի հունվարի 19-ին նրան խլեցին մեր ձեռքից, երիտասարդներից շատերի համար դա շրջադարձային կետ դարձավ՝ ամոթի զգացողություն, սուգ, պայքարի վճռականություն առաջացնելով։

 

Հրանտ Դինքն ասում էր, որ հոսող ջրի առջև ոչինչ կանգնել չի կարող, պատմում էր, որ ժողովրդավարության ուղղությամբ արմատական փոփոխությունները վաղ թե ուշ պետք է տեղի ունենան։ 

 

Այժմ, ամենացնցումնաշատ պահերին անգամ գիտենք, որ այդ ջուրը երբեք չի դադարելու հոսել, քանի որ աղբյուրն առողջ է։ Նրան հիշում ենք սիրով և կարոտով»։

 

Նշենք, որ հունվարի 19-ին լրանալու է Հրանտ Դինքի մահվան 7-րդ տարելիցը։

Նույն շարքից