Հասարակություն 

270 միլիոն 858 հազար դրամ հատկացվեց «Նուբարաշեն» և «Վարդաշեն» ՔԿՀ-ներում պահվող անձանց կոմունալ-կենցաղային պայմանների բարելավման համար

analitik.am

ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ  270 միլիոն 858 հազար դրամ հատկացվեց Արդարադատության նախարարությանը՝ «Նուբարաշեն» և «Վարդաշեն»  քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալների և կալանավորված անձանց բնակության կոմունալ-կենցաղային պայմանների բարելավման և անվտանգության համակարգերի հուսալիության մակարդակի բարձրացման համար:

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը նշեց, որ վերջին տասը տարիների ընթացքում ՀՀ պետական բյուջեից քրեակատարողական համակարգի պահպանման համար կապիտալ վերանորոգման նպատակով միջոցներ չէին հատկացվել:

Նրա խոսքով՝ հատկացվող միջոցների արդյունքում կապիտալ կվերանորոգվեն «Նուբարաշեն» ՔԿՀ-ի արտաքին և ներքին ջրամատակարարման ցանցը, ներքին ջրահեռացման համակարգը, էլեկտրալուսավորության ցանցը, ճաշարանը, սանհանգույցներն ու բաղնիքները, իսկ «Վարդաշեն» ՔԿՀ-ում կկառուցվեն արտաքին կոյուղու ցանց և 143 մ երկարությամբ արտաքին պարիսպ:

Աշխատանքներ են կատարվելու նաև «Սևան» ՔԿՀ-ի արտաքին ջրահեռացման ցանց կառուցելու ուղղությամբ:

Արտակ Զեյնալյանի խոսքով, նույնիսկ եթե այսօր սկսվի «Նուբարաշեն» ՔԿՀ-ին փոխարինող նոր քրեակատարողական հիմնարկի կառուցումը, այն կտևի տարիներ, իսկ այդ ընթացքում պետությունը պարտավոր է ապահովել պատշաճ պայմաններ ՔԿՀ-ներում պահվող անձանց համար:

Նախարարի պաշտոնակատարը վստահեցրեց, որ գնման գործընթացն իրականացվելու է թափանցիկ և արդյունավետ:

Նույն շարքից