Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը, որը վերջերս եղել է Դամասկոսում և հանդիպում ունեցել նախագահ Բաշար ալ Ասադի հետ, հարցազրույց է տվել Russia Today-ին։
Պատմելով Սիրիա կատարած այցի մասին՝ նա նշել է, որ բացի Սիրիայից, այցելել է նաև Լիբանան, Հորդանան և Իրաք, և բոլորն էլ նշել են, որ վախենում են տարածաշրջանում ծայրահեղականության աճից և որ դրան վերջ դնել է պետք։
«Սիրիայի պատերազմը տարածաշրջանային և միջազգային հետևանքներ կունենա։ Այնպես որ բոլոր նրանք, որոնց հետ ես խոսել եմ, լուրջ տրամադրված են հակամարտության կարգավորմանը։ Ես տեսնում եմ, որ Սիրիայի նախագահն ու կառավարությունը պատրաստ են սիրիացի ժողովրդի հետ համատեղ որոշում կայացնել։ Այդ որոշմանը պետք է մասնակցեն բոլոր նրանք, որոնց համար կարևոր է Սիրիայի ապագան»,-ասել է նա։
Անդրադառնալով դիտարկմանը, թե ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Իրանը կարող է ոչ պաշտոնապես օգնել «Ժնև-2»-ի կայացմանը, Զարիֆը նշել է, որ Իրանը չի մասնակցի այնպիսի տարբերակների, որոնք կվնասեն իր արժանապատվությանը։ «Իրանը կարող է շատ ավելի մեծ դերակատարություն ունենալ այդ համաժողովի ընթացքում, քան հրավիրված կողմերից ոմանք»,-ասել է նա։
Պատասխանելով հարցին, թե Իրանը շարունակելո՞ւ է Ասադի կառավարությանը զինված կամավորականներ ուղարկել, Զարիֆն ասել է, որ Իրանը նման բան չի անում։
«Մենք համագործակցում ենք Դամասկոսի հետ այն համաձայնությունների շրջանակներում, որոնք ձեռք են բերվել նախկինում։ Մենք Սիրիայի կառավարության հետ ռազմական համագործակցության երկար ճանապարհ ենք անցել։ Եվ այդ համագործակցությունը շարունակվելու է»,-ասել է նա։