ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Ժպիտների քաղաք» հիմնադրամի ղեկավար Աննա Հակոբյանն այցելել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) «Մուրացան» հիվանդանոցային համալիր, որտեղ բժշկական համալսարանի ուսանողների նախաձեռնությամբ կազմակերպվել էր տարբեր բաժանմունքներում բուժում ստացող երեխաների ձեռքի աշխատանքների, մասնավորապես՝ նկարների ցուցահանդես։
Տիկին Հակոբյանին և մյուս հյուրերին ուրախությամբ ընդունել են երեխաները և նրանց ծնողները, դիմավորել են ԵՊԲՀ-ի ռեկտոր Արմեն Մուրադյանը և կենտրոնի բժշկական անձնակազմը։
Կենտրոնի պատերը զարդարված էին փոքրիկների գունանկարներով։ Երեխաններից մի քանիսն էլ նոր նկարներ էին ստեղծում հենց այցի պահին։
Երեխաները տիկին Հակոբյանին ոգևորությամբ պատմել են, թե ինչ են նկարում և ինչ են ներկայացնելու հաջորդ ցուցահանդեսներին։
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն այցի ընթացքում ուղեկցել է տիկին Հակոբյանին և ներկայացրել կենտրոնում իրականացվող որոշ ծրագրեր, ինչպես նաև դասակենտրոնները, որոնց միջոցով կազմակերպվում է բուժում ստացող փոքրիկների առօրյան։ Քննարկվել են նաև «Մուրացան» հիվանդանոցային համալիրի և Աննա Հակոբյանի ղեկավարությամբ գործող «Ժպիտների քաղաք» հիմնադրամի միջև հետագա հնարավոր համագործակցության տարբերակները։
Շրջայցից հետո տեղի է ունեցել «Ունեմ դիաբետ, չունեմ խնդիր» խորագրով ներկայացում, որի ժամանակ պարոն Մուրադյանը դիմել է ծնողներին. «Ցավոք, մեծերի սթրեսային ապրումները շատ հաճախ ազդում են երեխաների հիվանդությունների զարգացման վրա, սակայն մենք պետք է զերծ մնանք դրանից»։
Նա ավելացրել է, որ կենտրոնում տարեկան ավելի քան 11 հազար երեխա դիաբետից բուժում է ստանում։ «Այս ծանրաբեռնված աշխատանքի համար ուզում եմ իմ շնորհակալությունն ու երախտիքի խոսքն ուղղել ամբողջ բուժ անձնակազմին, բժիշկներին և ղեկավարությանը»,- նշեց պարոն Մուրադյանը։
Միջոցառման ավարտին տիկին Հակոբյանը լրատվամիջոցների հետ զրույցում ասել է. «Ես կարծում եմ, որ մենք ավելին պետք է անենք առողջական խնդիրներ ունեցող մեր երեխաների համար։ Նրանք պետք է միշտ լինեն ուշադրության կենտրոնում և պետք է միշտ զվարճանալու առիթներ ունենան»։ Աննա Հակոբյանը նաև նշել է, որ նախատեսում են առաջիկայում ավելի մեծ միջոցառում կազմակերպել՝ ուրախ մթնոլորտ ապահովելով երեխաների համար։




