Քաղաքական 

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի պատասխանը

Ակնհայտ է, որ այս դեպքում գործ ունենք ոչ թե կամավոր, այլ պարտադիր կուտակային հարցազրույցի հետ: Այսպես է մեկնաբանել ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն այսօր արձագանքել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հարցազրույցին, որում նա ասել էր, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի «հիմնադիր հայրն է», հաղորդում է Mediamax.am-ը: 

«Ցավոք, դրանից բխում է, որ նախարարը չգիտի, թե ինչ տարբերություն կա պարտադիր եւ կամավոր կուտակային ապահովագրության միջեւ, ինչպես նաեւ չի պատկերացնում սերունդների համերաշխության սկզբունքի էությունը: 

Բացատրեմ նախարարին, որ կամավորը՝ դա երբ քաղաքացին ինքն է որոշում. ընդգրկվել կուտակային համակարգում, թե ոչ: Պարտադիրը՝ երբ օրենքը պարտադրում է ընդգրկումը: Նախարարի հիշատակած որոշումներով կառավարությունն ըստ էության ասում էր, որ ցանկացողները կարող են կամավորության սկզբունքով ընդգրկվել կուտակային ապահովագրության համակարգում, սակայն որեւէ գործուն մեխանիզմ դրա համար չէր ստեղծվել: Հանրապետությունում շարունակում էր գործել պարտադիր, բայց ոչ կուտակային կենսաթոշակային ապահովագրությունը /վերոնշյալ սկզբունքով. պարտադիր սոցիալական վճարումների միջոցով մի սերունդը վճարում է մյուս սերնդի թոշակները/:

Ուսանողների հետ հանդիպման ժամանակ նախագահ Քոչարյանը ի նկատի է ունեցել կամավոր կուտակային ապահովագրության զուգահեռ գործարկման համար անհրաժեշտ մեխանիզմների ստեղծումը, ինչը կառավարությունը չէր հասցրել անել:

2009 թվականի ճգնաժամը, որ հանգեցրեց ֆինանսական շուկաների բարձր տատանողականության, մեծացրեց կուտակված միջոցների ապագայում կորցնելու կամ արժեզրկելու ռիսկերը, ինչի մասին Ռոբերտ Քոչարյանը ասել էր իր հարցազրույցում:

Հասկանում եմ, որ «խոսուն փաստերի» սիրահար նախարարին դժվար է գլուխ հանել այս ամենից, բայց պետք է ձգտել դրան. ի վերջո, դա իր աշխատանքն է:

Այնպես որ, նախարարը կարող է հանգիստ խղճով իրեն այս ռեֆորմի եւ հայր, եւ կնքահայր համարել»:

Նույն շարքից