Հասարակություն գլխավոր 

Անկախ Հայաստանի ամենախայտառակ քվեարկությունը. ԵԼՔ-ը տապալեց կաթողիկոսի մասին նախագիծը

Այսօր` նոյեմբերի 16-ին, խորհրդարանն առաջին ընթերցմամբ չընդունեց «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ինչպես Հավաքների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի դեպքում, այնպես էլ այս պարագայում, օրենքի ընդունումը տապալվեց, քանի որ ԵԼՔ խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը:

Քվեարկությունից առաջ ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը հիշեցրեց կառավարության տեսակետը, իսկ Սասուն Միքայելյանը հայտարարեց` վեհափառի անվտանգությունը պետք է պահպանի ժողովուրդը` Վեհափառի սրբությամբ, իսկ եթե կաթողիկոսը չի կարողանում ժողովրդի մեջ շրջել, դա իր պրոբլեմն է:

Ծառուկյան խմբակցությունը հայտարարեց ձեռնպահ քվեարկելու մասին, ՀՅԴ-ն` կողմ, իսկ Հանրապետական պատգամավորները հայտարարեցին, որ պետք է կողմ քվեարկել և պաշտպանել կաթողիկոսին հարձակումներից, որոնց նա ենթարկվել է արդեն մի քանի անգամ: ՀՀԿ-ականների բոլոր հայտարարությունների ենթատեքստն այն էր, որ դեմ քվեարկողները դեմ են Հայոց եկեղեցուն, իսկ հակառակ կարծիք ունեցողները համաձայն չէին դրա հետ:

Նախագծին կողմ քվեարկեց 28 պատգամավոր, ձեռնպահ` 10: ԵԼՔ խմբակցությունից կողմ քվեարկեց Գևորգ Գորգիսյանը:

Քվեարկությունից հետո ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ սա անկախ Հայաստանի ամենախայտառակ քվեարկություն է: Նրա խոսքերով, հայ ժողովրդի առաջ պետք է պատասխան տան այն ուժերը, որոնք սնում են աղանդավորության, գոմիկների քարոզը և երկրորդական են դարձնում եկեղեցու պաշտպանությունը:

Տապալված նախագծով առաջարկվում էր երաշխավորել Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգության ապահովումն այնպես, ինչպես երաշխավորված է ՀՀ Նախագահի, վարչապետի և Ազգային ժողովի նախագահի անվտանգությունը: Նախագծի ընդունման դեպքում Կաթողիկոսի անվտանգության ապահովումը կերաշխավորվեր օրենքով, այլ ոչ թե վարչապետի հայեցողությամբ:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ նման օրենսդրական փոփոխության անհրաժեշտություն չկա և Կառավարությունն ի վիճակի է ապահովել Կաթողիկոսի անվտանգությունը:

Նույն շարքից