Քաղաքական 

Հայկական մեդալ ստացած Մուսթաֆա Սարըգյուլի ունեցվածքը կալանքի տակ է

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության կողմից Ստամբուլի քաղաքապետի թեկնածու առաջադրված Մուսթաֆա Սարըգյուլի ունեցվածքը TMSF ապահովագրական ֆոնդի դիմումի հիման վրա կալանք է դրվել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ հայտնի է դարձել, որ 1998 թվականին ինչ-որ գործարքի հետ կապված Մուսթաֆա Սարըգյուլը պարտ ունի, որի համար TMSF-ի պահանջով Սարըգյուլի բանկային հաշիվների եւ գույքի վրա կալանք է դրվել։

Մուսթաֆա Սարըգյուլը հայտարարել է, թե ինքը որեւէ պարտք չի ունեցել, ավելին, այս 16 տարվա մեջ իրեն պարտքի մասին զգուշացնող որեւէ նամակ չի եկել։ Նա այս ամենը քաղաքական հաշվեհարդար է համարել՝ շեշտելով, թե իշխանությունները սրա պատասխանը կստանան մարտի 30-ին, քվեատուփերի մոտ։

Մուսթաֆա Սարըգյուլը ներկայում զբաղեցնում է Ստամբուլի Շիշլիի քաղաքապետի պաշտոնը:

Նշենք, որ Մուսթաֆա Սարըգյուլը առաջին թուրք քաղաքապետն է, ով Ստամբուլի հայկական եկեղեցիների, դպրոցների վերանորոգման եւ ազգային փոքրամասնությունների միջոցառումներին աջակցելու համար Պոլսո հայոց պատրիարքարանի կողմից  Հովհաննես Կոլոտ պատրիարքի անունով հատուկ մեդալ է ստացել։  «Ձեզի շատ գսիրեմ»,-իր շնորհակալական խոսքում հայերենով ասել էր Մուսթաֆա Սարըգյուլը:

Նույն շարքից