Բարի օր Հասարակություն 

Սասուն Միքայելյանն առաջարկեց Հանրապետական պատգամավորներին դասել սրբերի դասին

analitik.am

Երեկ կառավարության ներկայացուցիչը հավաստիացրեց` եթե կաթողիկոսի անվտանգությունը պաշտպանության կարիք ունենա, կառավարությունը հատուկ միջոցներ կձեռնարկի դա իրականացնելու համար, օրենքով հատուկ արձանագրելու կարիքը չկա: Այսօր` նոյեմբերի 16-ին, խորհրդարանում «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը:

Տապալված նախագծով առաջարկվում էր երաշխավորել Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգության ապահովումն այնպես, ինչպես երաշխավորված է ՀՀ Նախագահի, վարչապետի և Ազգային ժողովի նախագահի անվտանգությունը: Նախագծի ընդունման դեպքում Կաթողիկոսի անվտանգության ապահովումը կերաշխավորվեր օրենքով, այլ ոչ թե վարչապետի հայեցողությամբ:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ նման օրենսդրական փոփոխության անհրաժեշտություն չկա և Կառավարությունն ի վիճակի է ապահովել Կաթողիկոսի անվտանգությունը:

ԵԼՔ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն իր հերթին հայտարարեց, որ Վեհափառի սրբությունը պետք է պահպանի ժողովուրդը` Վեհափառի սրբությամբ, իսկ եթե կաթողիկոսը չի կարողանում շրջել մարդկանց մեջ, դա իր պրոբլեմն է: Միքայելյանը նաև նշեց, թե ինքը դեմ է այն կարծիքներին, թե իրենք, դեմ արտահայտվելով օրենքի նախագծին, դեմ են լինում Հայ առաքելական եկեղեցուն:

ԵԼՔ խմբակցությունից Ալեն Սիմոնյանն էլ հարց բարձրացրեց` «Այսինքն մենք Ամենայն հայոց կաթողիկոսին պաշտպանում ենք ամենայն հայոց ժողովրդի՞ց: Եթե կան ինչ-որ մարդիկ, ովքեր պետք է ոտնձգություն անեն, կառավարությունը դրա պատասխանը տվել է: Որևիցե բան չի կարող սպառնալ կաթողիկոսին: Պետք չի սա վերածել քննարկումների, թե ով է ավելի քրիստոնյա: Մնում էր կաթողիկոսին հայ ժողովրդից պաշտպանեինք»:

Արդեն քվեարկությունից հետո Սասուն Միքայելյանը նշեց` «Ես խորհուրդ կտայի հաջորդ նստաշրջանում օրենքին կողմ քվեարկած 28 հոգուն դասել սրբերի դասին: Պետք չի քաղաքականացնել սա: Հենց իրենց կառավարման ժամանակաշրջանում է ժողովրդի կողմից ատելություն առաջացել կաթողիկոսի նկատմամբ: Նրանք պետք է կարողանային այդ ժամանակ կանխել: Եթե այսօր կաթողիկոսը լիներ իր դիրքերում, նման օրենք չէր մտնի Ազգային ժողով: Մենք պաշտում ենք մեր Առաքելական եկեղեցին, բոլորս էլ հավատացյալ ենք: Մեռնեմ Աստծուն, ոչ թե ձևական կարերիստներին»:

Նույն շարքից