Բարի օր Հասարակություն 

Իշխանությունը թքած ունի մեզ վրա. Թող Հայկ Մարությանն իր բնակարաններից մեկը տա մեզ, բա ինչի՞ չի տալիս. Բնակիչները վրդովված են

analitik.am

Երևանի կենտրոնում արդեն երկար ժամանակ է ապրում են բազմաթիվ ընտանիքներ, որոնց ճակատագիրը փաստացի գտնվում է անորոշության մեջ: Այս մարդիկ բնակվում են տներում, որոնք մի կողմից իրենցն են, բայց մյուս կողմից իրենցը չեն: Դեռևս 2007 թվականից Հանրապետության, Արամի, Ֆիրդուսի, Տիգրան Մեծ փողոցների 106 ընտանիքիների տների հայտնվել էին իրացման գոտում և մինչ այսօր այս հարցը դեռևս կարգավորված չի: Բնակիչները նշում են, որ մեծ հույսեր էին կապում, որ հեղափոխությունից հետո իրենց խնդիրներին վերջապես կանդադառնան, սակայն ոչ միայն որևէ բան չի փոխվել, այլ ավելի վատ է, նրանց հարցն ընդհանրապես որևէ մեկին չի հետաքրքրում: Նշենք, որ 2007 թվականին «Գլենդել Հիլզ» կազմակերպությունը բնակիչների հետ պայմանագիր է կնքել, որի համաձայն պետք է լուծեր բնակիչների բնակարանների հարցերը, սակայն մինչ օրս որևէ բան չի արվել:

Analitik.am-ը զրուցեց Հանրապետության 33 թաղամասի մի քանի բնակիչների հետ:

Մեզ հետ զրույցում բնակչուհի Ժենյա Ղազարյանն ասաց, որ 12 քառակուսի տարածքում բնակվում են 4 հոգով. «Այս դարում թոռնիկներս քնում են հատակի վրա: Բնակարանը երկրաշարժներից հետո ավերակների է վերածվել, առաստաղների վրա մեծ ճեղքեր կան, որը չնչին շարժից կարող է հողին հավասարվել: Բազմիցս դիմել եմ քաղաքապետարան և միշտ բացասական պատասխան եմ ստացել, որ իրենք ի վիճակի չեն այդ խնդիրը լուծել և նման բաներ: «Գլենդել Հիլզ» կազմակերպությունը բնակիչների հետ պայմանագիր կնքեց 2007 թվականին, համաձայն որի 3 տարվա ընթացքում պետք է բնակարաններով ապահովեին մեզ, բայց արդեն 10-11 տարի է անցել, և մենք ոչ մի տեղեկություն չունենք ոչ նրանցից, ոչ էլ մետ տան սեփականաշնորհման վկայականից, որովհետև դրանք գտնվում են որոշ բանկերում: Անցել է բավականին երկար ժամանակ, մենք բազմիցս դիմել ենք «Գլենդել Հիլզ» ընկերության աշխատակիցներին, որ տան վկայականները վերադարձնեն մեզ, որովհետև այն բնակարանները, որոնք պետք է հատկացնեին մեզ, չեն հատկացրել, սակայն ոչ մի բան չեն արել: ՀՀ-ում անտերություն է տիրում: Անգամ չեն նշում այն բանկը, որտեղ գտնվում են բնակարանների սեփականության վկայականները, թաքցնում են, սուտ են խոսում: Բնակիչներից ոմանք ստացել են բնակարաններ, բայց մենք դեռ մնացել ենք ճահճացած մեր դիրքերում՝ զբաղվելով ինքնաշինությամբ: Այստեղ հնարավոր չէ ապրել, որովհետև շենքը շատ վատ վիճակում է գտնվում: Ներկայիս քաղաքապետին էլ ենք դիմել այս հարցով, բայց նրանք մեկը մեկի վրա են գցում հարցը»:

Բնակչուհի Ռուզան Հայությունյանն էլ նշում է, որ «Գլենդել Հիլզ»-ի աշխատակիցները 2 տարի անընդհատ գնում գալիս էին. «Այն աստիճան, որ մարդու հոգեկան սթրեսի էին ենթարկում, պայմաններն էին ներկայացնում, ասում էին՝ ձեզ բնակարաններ կտանք և նման բաներ:

Տեղի բնակիչներից մի քանիսին տրամադրել են բնակարաններ, ես էլ մտածեցի՝ ուրեմն չեն խաբի, և կնքեցի պայմանագիրը, այնինչ մեր սեփականաշնորման վկայականները վերցրեցին, դրեցին բանկ, և Գյումրիում  ու Արթիկում սկսեցին շինություններ կառուցել՝ մեզ ասելով, որ ճգնաժամ է, դրա համար էլ ավելի ուշ կտան մեր բնակարանները: Եթե ճգնաժամ է, բա ինչպե՞ս է այդ կազմակերպությունը Գյումրիում նոր շինություն կառուցում, անգամ Սերժ Սարգսյանը գնաց Գյումրի  ու իրենց կոպիտ խախտումների համար աշխատանքից հեռացրեց:

Մենք պայմանագիր ունենք, որ մեզ պետք է 3-4 տարվա ընթացքում բնակարաններ տրամադրեն, բայց արդեն 10 տարի է, որ զրկված ենք մեր իրավունքներից: Անգամ գնացել եմ նրանց գրասենյակ, ասել եմ, որ դատարան կտամ, բայց ինձ ասացին, որ իզուր չչարչարվեմ, ի՞նչ է դա նշանակում, ուրեմն պետություն չկա՞: Չի կարելի նման լկտի ձևով աշխատել, ես միայն պահանջում եմ, որ իմ բնակարանի վկայականը վերադարձնեն:

Ես միայնակ մայր եմ, իմ մինուճար տղային տարան բանակ, հասկացանք, գնաց հայրենիքի առջև պարտքը կատարեց, հիմա իմ թոռնիկներն են մեծանում, և ես դեմ եմ, որ նրանք գնան բանակ: Այս խաբեությանն էլ չեմ դիմանում, թող մեզ վտարեն այստեղից, այս գործողությունների ժամանակ ինձ 2-րդ ինֆարկտը խփեց»:

Մեր այն հարցին, թե ներկա իշխանություններին դիմե՞լ են, որպեսզի կարգավորվի այս խնդիրը, տիկին Ռուզանը պատասխանեց. «Ներկա իշխանություններին ի՞նչ դիմեմ, իրանք են ինձ ասում, որ իզուր մի չարչարվի, դատարան մի դիմի, միևնույն է, բան չի փոխվելու: Անգամ փաստաբանին եմ ցույց տվել պայմանագիրը, կարդացել է ու ասել է, որ օրենքով ես ճիշտ եմ, բայց չի վերցրել այս գործը, պատճառաբանելով, որ իրեն աշխատանքից կհեռացնեն: Թող մեր տան վկայականները վերադարձնեն, ուրիշ բան չենք ուզում: Ես ոչ ոքի չեմ մեղադրում, միայն կառավարությունն է մեղավոր, որովհետև մեր երկրում օրենք ասվածը բացակայում է:

Իրանց մենակ պետք էր մեր բնակարանի սեփականաշնորման վկայականները, որ դնեին բանկ, գումար վերցնեին ու մեր գումարների հաշվին սկսեին Գյումրու Մուշ թաղամասի շինարարությունը:

Բազմիցս դիմել ենք «Գլենդել Հիլզ» ընկերությանը, խնդրել ենք որ մեր բնակարանների վկայականները վերադաձներին մեզ, բայց նրանք ասել են, որ չգիտեն թե որ բանկում է վկայականները, հետևաբար չեն կարող վերադարձնել»:

Մեր այն հարցին, թե նոր իշխանությունների մոտեցումները չե՞ն փոխվել, չե՞ն փորձում որևէ կերպ օգնել, տիկին Ռուզանը պատասխանեց, որ ոչ միայն չեն փոխվել, այլ հիմա ուղղակի թքած ունեն իրենց խնդիրների վրա:

Բնակչուհի Սևիլ Աթաբեկովան էլ ասաց, որ «Գլենդել Հիլզ»-ը լուծարվել է, բայց իրենց սեփականության վկայականներն այդպես էլ չեն վերադարձնում.

«Մեզ հետ պայմանագիր են կնքել 3 տարով և մինչ օրս ոչ մի բան չենք ստացել: «Գլենդել Հիլզ»-ը ժամանակին լուծարվել էր, բայց մեր վկայականները դեռ չեն վերադարձրել: Չեմ հասկանում, սպասում են, որ մահանանք, որ ոչ մեկին բնակարան չտա՞ն: Նրանց աշխատակիցներից ոչ ոք մինչ օրս մեզ հետ կապ չի հաստատել: Վերջերս դիմել եմ քաղաքապետարան և ստացել եմ նույն պատասխանը, ինչը նախկին իշխանության ժամանակ:

Մենք նրանց պետք չենք, իրենց միայն մեր բնակարանների վկայականներն էին հարկավոր, որ դնեին բանկ ու մեզ էլ հանեին դուրս: Իշխանություն է փոխվել, թող քաղաքապետ Հայկ Մարությանն իր բնակարաններից մեկը տա մեզ, բա ինչի՞ չի տալիս: Անամոթի նման մենակ տներա քանդում, ինչի՞ համար: Մի օր էլ ես կմահանամ և ոչ ոքի տուն չեն տա, վստահ եմ, որ իրենց նպատակն էլ դա է»:

Բնակիչները ներկայացրեցին նաև իրենց պայմանագրերը, որոնք այդպես էլ մինչ օրս մնացել են չկատարված.

 

 

 

Օֆելի Իսրայելյան 

Նույն շարքից