Գլխավոր Քաղաքականություն 

Լուկաշենկոն և Նազարբաևը պետք է բացատրություն տան Նիկոլ Փաշինյանին

analitik.am

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին զարմացրել է այն հանգամանքը, որ Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի դռնփակ նիստից հետո  Բելոռուսում Ադրբեջանի դեսպանին պատմել է դռնփակ ֆորմատում տեղի ունեցած նիստի մասին:

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատարը, անդրադառնալով հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի այն հանգամանքը, որ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը ներկայացրել է Ադրբեջանի դեսպանին, պատասխանել է. «Մեր արտաքին գործերի նախարարությունն արդեն արձագանքել է: Հիմա պատկարեցրեք նույն իրավիճակը կլինի, եթե ես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ չհանդիսացող որևէ օտարերկրյա դեսպանի հրավիրեմ և պատմեմ դռնփակ ֆորմատում տեղի ունեցած նիստի մասին: Դա ռազմաքաղաքական դաշինքի դռնփակ ֆորմատում տեղի ունեցած նիստ է, որտեղ անդամ երկրների  ղեկավարները քննարկում են ունենում: Եթե նիստը փակ է, նշանակում է, որ դա փակ խոսակցություն է դաշնակիցների միջև: Եվ ես զարմացած եմ, որ 30 տարի կամ չգիտեմ քանի տարի պետության ղեկավարի կարգավիճակում եղած մարդը կարող է իրեն այդպիսի քայլ թույլ տալ: Ես, իհարկե, պետք է պարզաբանումներ պահանջեմ Բելոռուսի նախագահից և ոչ միայն Բելոռուսի նախագահից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Փաշինյանը:

Նա մանրամասնել է, որ պայմանավորվածություններին հակասող հայտարարություն է արել նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը՝ ՀԱՊԿ գագաթաժողովի դռնփակ նիստից հետո հայտարարելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելոռուսի ներկայացուցիչը:

«Որևէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չուներ, որովհետև ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով, իսկ մենք մեր դիրքորոշումը հստակ արտահայտել ենք՝ քանի դեռ մենք գործընկերային միջավայրում այլ որոշում չենք կայացրել, որևէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չունի: Մեր արտաքին գործերի նախարարն էլ այսօր մեր դիրքորոշումը հստակ ձևակերպել է, և ես ուզում եմ ասել, որ մենք, կարծում ենք, որ կարևոր է, որպեսզի ՀԱՊԿ շրջանակներում մենք շատ  հստակ խոսակցություն ունենանք մեր դաշնակիցների հետ, և կողմերից յուրաքանչյուրի համար պարզ լինի, թե  ինքը ինչ պարտավորություն ունի մյուսների նկատմամբ և մյուսեներն ինչ պարտավորություն ունեն իր նկատմամբ»,-ընդգծել է Փաշինյանը:

ՀՀ վարչապտի պաշտոնակատարը նշել է, որ նոյեմբերի 16-ին ՌԴ նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ նաև այդ հարցն է քննարկել:

«Մենք շարունակում ենք մեր երկխոսությունը մեր գործընկերների հետ՝ Ռուսաստանի հետ, կշարունակենք Բելոռուսի հետ, Ղազախստանի հետ, Ղրղզստանի և Տաջիկստանի հետ, որպեսզի ի վերջո հասնենք փոխըմբռնման»,-ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Հարցին որևէ պարագայում հնարավո՞ր է Բելոռուսի թեկնածուի հարցում հայկական կողմը կոնսենսուսի գա, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Մենք գործընկերային մթնոլորտում և միջավայրում ենք աշխատում, մենք կոռեկտությունը և հարգանքը մեր գործընկերների նկատմամբ պահպանում ենք և հույս ունենք և պահանջում ենք, որ նույն կերպ վարվեն նաև նրանք»:

Նույն շարքից