Եթե Հուլիոս Կեսարը հարցազրույց տար, այն նման կլիներ այն հարցազրույցին, որը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տվել է Սոչիում մի խումբ արևմտյան լրագրողների, գրում է The Daily Telegraph պարբերականը։
Պուտինն «արքայական և հանգիստ» կեցվածք է ունեցել, և կարծես հարցազրույցն ընդունում էր որպես կատակ։ Հարցերին նա պատասխանում էր «բարյացակամ ատելությամբ», սակայն լրագրողներն «այնքան երախտապարտ էին նրա ներկայությամբ գտնվելու հնարավորության համար, որ չէին նկատում դա», փոխանցում է inotv.rt.com-ը։
«Թագավորը լավ գիտեր, թե ինչ են հարցնելու այդ արևմտյան լրագրողները, և լի էր նրանց լուրջ չընկալելու պատրաստակամությամբ»,- գրում է պարբերականը։ BBC ալիքից Էնդրյու Մարի՝ սեռական փոքրամասնությունների իրավունքների մասին հարցին Պուտինն առանց զարմանքի վերաբերվեց և «հաճույքով» կիսվեց իր հայացքներով. նա չգիտի, թե «ծնվում են արդյոք միասեռական, թե դառնում», և կարծում է, որ Էլթոն Ջոնը «տաղանդավոր երաժիշտ է»։
Մարը նշել է նաև, որ Պուտինին համարում են աշխարհում իր հեղինակությամբ 3-րդ մարդը, և հարցրել՝ կա արդյոք «հնարավորություն», որ նա կրկին կմասնակցի նախագահական ընտրություններին։ «Շնորհիվ իր հարցի, Մարը, թերևս, առաջին լրագրողն էր, որ թույլ տվեց Պուտինին անկախ իր կամքից առաջնորդ զգալ իրեն», -գրում է պարբերականը։
«Ամենավատը և ամենավտանգավորն այն է, երբ քաղաքականությամբ զբաղվող մարդը ձեռքերով և ատամներով կառչում է իր աթոռից և մտածում միայն այդ մասին։ Այդ դեպքում ձախողումն անխուսափելի է, քանի որ միշտ էլ կվախենաս որևէ սխալ քայլ կատարել»,- պատասխանել է նախագահը։ Պարբերականը պնդում է՝ Պուտինը գիտեր, որ բրիտանացի լրագրողը չէր նկատի նման «կեղծավոր անազնվությունը»։
Այնուհետ Մարը մի քանի հարց էլ տվել է Պուտինին առանձին։ «Շատ շնորհակալություն Ձեզ»,- վերջում շնորհակալություն է հայտնել Մարը։ Իսկ Պուտինը, լքելով «բրիտանական և ամերիկյան լրագրության աստղերին», հավանաբար, ինքն իրեն հարց էր տալիս. «Եթե սա Արևմուտքի ամենամեծ ուղեղներն են, ապա ինչպե՞ս ենք մենք ընդհանրապես կարողացել պարտվել սառը պատերազմում», -հավելում է The Daily Telegraph-ը։