Քաղաքականություն 

ԱՊՀ երկրների արտգործնախարարությունների տեղեկատվական ոլորտի պատասխանատուների խորհրդակցություններ Բիշքեկում

analitik.am

ԱՊՀ երկրների արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների ծրագրի շրջանակներում նոյեմբերի 15-16-ին Ղրղզստանի արտաքին գործերի նախարարությունում կայացան խորհրդակցություններ՝ «Տեղեկատվական ոլորտում ԱՊՀ անդամ-պետությունների փոխգործակցությունը» խորագրի ներքո:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Ղրղզստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ազիզբեկ Մադմարովը։ Խորհրդակցություններին մասնակցում էին ԱՊՀ անդամ-պետությունների արտաքին գործերի նախարարությունների տեղեկատվական ոլորտի պատասխանատու վարչությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ: Հայաստանը ներկայացնում էր ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետ Սերոբ Բեջանյանը։

Քննարկումների օրակարգում ընդգրկված էին ԱՊՀ անդամ-պետությունների միջև տեղեկատվության փոխանակման արդյունավետության ապահովմանը, ԱՊՀ շրջանակներում նշանակալից իրադարձությունների լուսաբանմանը, սոցիալական ցանցերում աշխատանքային առանձնահատկություններին, գլոբալ և տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնմանը, տեղեկատվական անվտանգության բարձրացմանն առնչվող հարցեր: Խորհրդակցությունների մասնակիցները ներկայացրին տեղեկատվական ոլորտում իրենց երկրների փորձը, խնդիրներն ու դրանք հաղթահարելու հնարավոր միջոցները:

Հատուկ անդրադարձ կատարվեց ԱՊՀ տարածքում լրագրողական փոխանակումների անցկացմանը և ԱՊՀ ու անդամ-պետությունների մասին տեղական հիմնական ԶԼՄ-ներում հաղորդումների պարբերաբար պատրաստմանը։ Կարևորվեց փոխգործակցությունը Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի տոնակատարության միջոցառումների տեղեկատվական ապահովման առումով։

Մասնակիցների կողմից ընդգծվեց կազմակերպության անդամ-պետությունների պատասխանատու գերատեսչությունների միջև տեղեկատվական ոլորտում համագործակցության խորացման և ընդլայնման անհրաժեշտությունը:

Նույն շարքից