Հասարակություն 

Վա՛յ նրանց, ում ուսանողական տարիներն անարդյունք ու անհետևանք են անցնում.

analitik.am

Սիրելի ուսանողներ,

Այսօր ուսանողների միջազգային օրն է: Յուրաքանչյուր մարդու կյանքում, ուսանողական տարիները միշտ էլ լավագույնն է համարվել: Իմ ու իմ սերնդի ուսանողության համար այն անց է կացել պատերազմի ու հասարակարգի մեծ փոփոխությունների ժամանակաշրջանում (1991-96թթ.):

Բազում դժվարություններ հաղթահարելով, իմ սերնդի ուսանողները գիտելիքի ու մասնագիտության ձեռքբերման, կյանքում իրենց տեղը գտնելու բարդ ճանապարհ էին անցնում: Մի կողմից հպարտ էինք անկախ պետականության վերականգնման համար, մյուս կողմից ուշադրությունը պատերազմի դաշտն ու սոցիալական անլուծելի թվացող խնդիրներն էին:

Բայց ուսանողական տարիների համար անհնարին ոչինչ չի լինում: Մոմի լույսի տակ ծվարած պարապելով, սառը լսարաններում քննություններ հանձնելով, ոտքով քաղաքի տարբեր ծայրերից դեպի կենտրոն դասի գնալով, մի կերպ հայտնաբերած ծաղկեփնջով առաջին հանդիպման գնալով, 30 դրամ կրթաթոշակով, այգիներում ու բուհական տարբեր անկյուններում տղայական կռիվներ սարքելով, ամբողջ կուրսին բաժին ընկնող երեք Mazovia CM 1914 համակարգիչներով, տարբեր գիտությունների խորքերը փորփրելով ու հրաշալի դասախոսներով պատկերացրեք՝ երջանիկ էինք:

Ժամանակի հետ փոխվել են նաև կրթակարգերը, վերազինվել են ԲՈՒՀ-երը, նորացվել են բարձրագույն կրթության չափորոշիչներն ու պայմանները, կյանքն առաջ է տարել սերունդներին՝ իր պահանջներին համահունչ:

Բոլոր ժամանակների Մարդը, միշտ էլ անթաքույց երանությամբ է հետ նայում դեպի իր ուսանողական տարիները: Սիրահարվելու, լավ ընկերներ գտնելու, հայտնի մարդկանց հետ շփվելու, ծանրակշիռ գիտելիքներ ձեռքբերելու, ինքնուրույնության առաջին քայլերն անելու, տարբեր ոլորտներում ինքնադրսևորվելու, հասարակական ու քաղաքական ակտիվություն ցուցաբերելու և մարդկային հարաբերությունները հասկանալու փայլուն տարիներ են դրանք:

Վա՛յ նրանց, ում ուսանողական տարիներն անարդյունք ու անհետևանք են անցնում:

Օտվելով առիթց, նախ և առաջ ցանկանում եմ շնորհավորել իմ բոլոր համակուրսեցիներին, ում հետ առ այսօր վայելում ենք մեր քսանհինգամյա ընկերությունն ու հարգանքը, կիսում ու լրացնում մեր երանելի անցյալի գեղեցիկ հիշողությունները:

Առանձնահատուկ ցանկանում եմ շնորհավորել բոլոր ժամանակների իմ ուսանողներին: Որքան էլ զբաղված եմ եղել իմ ամենօրյա քաղաքական պարտավորություններով, պետք է խոստովանեմ, որ լսարանային ժամերն ու ուսանողների հետ շփումներն ինձ միշտ ոգևորել ու հավատ են ներշնչել ավելի լավ ապագայի համար:

Անսահման երախտագիտությամբ շնորհավորում եմ ռազմաուսումնական հաստատությունների մեր բոլոր կուրսանտներին: Տղե՛րք, Ձեր ընտրած ճանապարհը մասնագիտություն չէ, այլ առաքելություն, որովհետև Հայոց Բանակի Սպայի պատիվը՝ մեր ազգի պատիվն է:

Սիրով ու ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի և Արցախի բոլոր ուսանողներին, աշխարհի առաջատար բուհերում սովորող մեր երիտասարդներին:

Թող իրականանա՛ն Ձեր բոլոր երազանքները: Ամո՛ւր և անկոտրում եղեք Ձեր նպատակների իրականացման գործում:

Ոգով և մտքով մի՛շտ ուժեղ:

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյան

Նույն շարքից