Քաղաքականություն 

Քոմենթները պոռնոֆիլմերից չես տարբերում. Պատգամավորը պատրաստ է իր տեղը զիջել ԱդեկվաԴ-ի տղաներին

analitik.am

Հանրապետականը հավակնում է դառնալ երկրորդ ուժը խորհրդարանում` հասկանալով հանդերձ, որ ամբողջ քաղաքական դաշտը քննադատելու է կուսակցությանը: Այսօր` նոյեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը:

Նիկոյանի խոսքերով, կա իշխանություն, որը հավակնում է ստանալ ձայների մեծ մասը, իսկ մնացած ամբողջ քաղաքական դաշտը հարձակվել է մի կուսակցության վրա, որը չի հավակնում առաջին տեղին. «Հանրապետականի մոտեցումները բոլոր հարցերում շատ հստակ են, մենք ունենք մեր մոտեցումները, ունեցել ենք շատ բարդ ժամանակներ` սկսած 90-ական թվականներից, երբ հռչակվեց Հայաստանի անկախությունը: Մեր կուսակցությունը կանգնած է եղել անկախության հիմքում, ինչի համար պայքարել է նաև խորհրդարային տարիներին: Մենք գտնում ենք, որ ունենք մեծ ռեսուրս ու հանրություն, որը կքվեարկի մեր օգտին»:

Ինչ վերաբերում է իր չառաջադրվելուն և նրան, որ ՀՀԿ-ն կարող է չանցնել խորհրդարան, Նիկոյանը հայտարարեց, որ կան մեծ թվով մարդիկ, ովքեր դժգոհ են գործող իշխանություններից, իսկ գործող իշխանությունների իրական այլընտրանքը Հանրապետական կուսակցությունն է. «Ինձ համար անհասկանալի է ընդդիմադիր անվանել այն ուժերին, որոնք բոլոր հարցերում աջակցել են գործող իշխանություններին, պաշտպանել ու քծնել են: Հանրության այն մասը, որը չի ընտրելու իշխանություններին, կընտրի Հանրապետականին, քանի որ այլընտրանք չկա: Ինչ վերաբերում է ինձ, դեռ երկու ամիս առաջ եմ հայտարարել` եթե լինեն մարդիկ, որոնք ավելի արդյունավետ աշխատելու գործիքակազմ կունենան, ես իմ տեղը կզիջեմ: Ես պայմանական անուններ եմ տվել: Ասել եմ, եթե ԱդեկվաԴ-ի  տղաները ցանկություն հայտնեն,  ես իմ տեղը կզիջեմ նրանց:

Այսօր այլ մեթոդներով են աշխատում, որն ինձ համար շատ հաճախ հասկանալի չէ:

Եկել է մի սերունդ, որը գտնում է, որ մոլորակը ծնվել է այն օրը, երբ իրենք ծնվել են: Դա հատուկ է հեղափոխություններից հետո եկած սերունդներին: Նրանք կարծում են, որ մոլորակն իրենց շուրջ է պտտվում: Նրանք ոչնչացնում են ամեն ինչ, ինչ եղել է իրենցից առաջ: Այսօր փառաբանվում են կրոնական և սեռական փոքրամասնությունները: Տեսեք, թե ինչ է կատարվում սոցցանցերում: Այսօր կանայք, աղջիկները, տատիկները...համատարծ հայհոյանք է. Սոցիալական ցանցերի քոմենթները պոռնոֆիլմերից չես տարբերում:

Այս միջավայրում ես քիչ անելիքներ ունեմ: Պետք է լինեն մարդիկ, ովքեր կարող են ադեկվատ, համապատասխան վարքագիծ դրսևորել: Բացի դրանից, ես կարծում եմ, որ նոր խորհրդարանը շատ կարճ կյանք է ունենալու: Ես կպատրաստվեմ ապագա ընտրություններին: Հասարակության մեջ արդեն կան նախադեպ ուժով, հակասահմանադրական մեթոդներով նոր ընտրություններ պարտադրելը, ո՞վ ասաց, որ ապագայում այլ քաղաքական ուժեր և անհատներ չեն օգտվի»:

Նույն շարքից