Քաղաքականություն 

ՔՊ-ում պաշտամունքի առարկա են դարձրե՞լ Նիկոլ Փաշինյանի ուսապարկը

analitik.am

Ո՞րն է այդ ուժի գաղափարախոսությունը, հայտարարվել է արդյո՞ք Քաղաքացիական պայմանագիր կուսակցության գաղափարախոսությունը, որ մարդիկ իմանան: Այսօր՝ նոյեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հարց բարձրացրեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը՝ ցանկանալով իմանալ, թե ովքեր են ՔՊ-ականները՝ պահպանողական, սոցիալիստ, լիբերալ. «Եթե քաղաքական ուժը չունի գաղափարախոսություն, եթե այն ուղղակի հավաքվում է մի անձի շուրջ ու նրանց համար պաշտամունքի առարկա է լինում այդ քաղաքական ուժի լիդերի ուսապարկը, անհատները դառնում են երկրորդական ու երրորդական: Այստեղ խնդիր ունենք անձի պաշտամունքի, կուռքերի ստեղծման խնդրի հետ, ինչպես եղել է հեթանոսական ժամանակարներում: Իսկ քաղաքական դաշտում այդ կռապաշտությունը ժամանակավոր է: Եթե ուշադիր հետևենք, բոլոր հարցերում ամեն օր լինում են տարբեր հայտարարություններ, դրա համար ավելի լավ է, որ ձեռնպահ մնամ գնահատականներ տալուց»:

Պատասխանելով լրագրողի հարցին, թե պատրաստ է արդյո՞ք Հանրապետականը հեղափոխություն անել` Նիկոյանը բացասական պատասխան տվեց` հայտարարելով, որ ՀՀԿ-ն հեղափոխությունների կողմնակից չէ. «ՀՀԿ-ն էվոլուցիոն զարգացման կողմնակից է: Հանրապետականը գիտի, որ հեղափոխությունները բացի տառապանքից, այլ արդյունք չեն բերել»:

ՀՀԿ-ական պատգամավորի խոսքերով, Հայաստանում տեղի է ունեցել հակասահմանադրական քարոզչություն, որին նպաստել են տարբեր ուժեր:

Պատգամավորը խոսեց նաև Ազատություն ռադիոկայանի մասին` պատասխանելով հենց այդ լրատվամիջոցի հարցին` նշելով, որ նրանք հեղափոխության օրերին ավելի շուտ էին լինում փակվող փողոցներում, քան դրանք կփակվեին. «Կային լրատվամիջոցներ, որ հեղափոխության առաջնորդողներն էին, դրա գաղափարական, քարոզչական ամբողջ բեռը տանողն էին: Իսկ հանրապետականը հակասահմանադրական քայլերի չի գնալու, չի ֆինանսավորվում դրսից, հայրենիքից ծնված կուսակցություն է և պատրաստ է որքան էլ դժվար լինի, ծառայել ժողովրդին»:

Նույն շարքից