Գլխավոր Քաղաքականություն 

Մարտի 1-ի զոհերի հարազատներն այսօրվա իշխանությունների կողմից օգտագործվել են քարոզչություն իրականացնելու նպատակով. Պատգամավոր

analitik.am

Վերջին 10 տարիների ընթացքում ընդդիմությունը՝ այսօրվա իշխանությունը, զոհերի հարազատներին մի օր ԱԺ էր տանում, մի օր նախագահական, մի օր դատախազություն և այլն՝ պահանջելով բացահայտել, թե ում պատճառով են զոհերը եղել: Այսօր՝ նոյեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը՝ խոսելով Մարտի 1-ի դեպքերի մասին:

Նիկոյանի խոսքերով, զոհերի հարազատներն ամբողջ 10 տարի օգտագործվել են քարոզչություն իրականացնելու նպատակով. «Հիմա ասում եմ, 6 ամիս է անցել, նոր իշխանությունները, որոնք մասնակից են եղել այդ իրադարձություններին հայտնաբերել են արդյո՞ք մի դեպք, ապացուցել են արդյո՞ք, որ այդ զոհերից որևիցե մեկը զոհվել է այսինչ մարդու գործողությունների արդյունքում: Չկա նման բան:

Ես շահագրգռված եմ, որ ամեն ինչ բացահայտվի, ես տեսել եմ այդ զոհերի հարազատների արցունքները: 10 տարի առաջ ես տեսել եմ նրանց արցունքները, հուզվել եմ նրանց հետ, սպասել եմ, որ գործն առաջ կգնա: Ասում էին, որ իշխանափոխության դեպքում ամեն ինչ կբացահայտվի, հիմա այսքան ամիս անցել է, ինչո՞ւ որևիցե մեկ դեպք բացահայտված չէ: Ինչո՞ւ էին այդ ծնողներին տանում դատախազություն և նախագահական, եթե այսօր որևէ բան չէին անելու: Տարիներ շարունակ ասել են, թե այն ժամանակվա իշխանությունները վատն են, կոծկել են ամեն ինչ, հիմա նորերն են եկել, ինչո՞ւ չեն անում»:

Ինչ վերաբերում է իրավապահների կողմից պարբերաբար արվող հայտարարություններին, Նիկոյանը նշեց, որ դրանց նախ հավատացել է, սակայն հետո հասկացել է, որ դրանք ընդամենը հայտարարություններ են եղել և դրանց հետևում ապացուցողական նշանակություն ունեցող փաստեր չկան. «Վարչապետը հրապարակում հայտարարեց, թե իշխանությանը սատարում է մարդ, ով նախկինում այնպիսի բաներ է արել, որ իր մազերը բիզբիզ են կանգնել: Բա ո՞ւր է այդ մարդը, ինչո՞ւ որևէ բան չեն արել այդ մարդու մասով, եթե այնպիսի բաներ է արել, որ մազեր են բիզբիզ կանգնել: Դրա համար եմ ասում, որ հայտարարություններն առանձնապես լուրջ չեմ ընդունում»:

Նույն շարքից