Միջազգային Քաղաքականություն 

Չինաստանը ցանկություն է հայտնել բանակցել ԱՄՆ-ի հետ․ Թրամփ

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համոզված է, որ Չինաստանը ցանկանում է կարգավորել առևտրային վեճերն ԱՄՆ-ի հետ: Այս մասին Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը՝  լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Մենք սահմանել ենք նոր սակագներ 250 միլիարդ դոլարի ապրանքների համար, և եթե մենք ցանկանանք, կկիրառենք ևս 267 միլիարդ դոլար ապրանքի համար: Միգուցե ստիպված չլինենք դա անել, քանի որ Չինաստանը ցանկանում է պայմանավորվածություն ձեռք բերել այս հարցում»,-ասել է ԱՄՆ նախագահը:

Թրամփը վստահություն է հայտնել, որ Պեկինը ցանկանում է համաձայնության գալ․ «Նրանք ներկայացրել են ցուցակ, թե ինչ են պատրաստ անել, և դա մեծ ցուցակ է», -ասել է Թրամփը՝ նշելով, որ 142 կետից կազմված ցանկը համարում է բավարար․ «Ես հուսով եմ, որ մենք կհասնենք համաձայնության»:

ԱՄՆ նախագահի խոսքերով, Չինաստանը երկար տարիներ օգտվել է Միացյալ Նահանգներից, և Վաշինգտոնը, իր գնահատմամբ, թույլ տալով անարդար  առևտրային պրակտիկա, օգնել է Չինաստանին դառնալ այնպիսին, ինչպիսին կա հիմա։

Խոսելով Չինաստանից ներկրվող ապրանքների վարչարարության սակագների ներդրման մասին՝ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Չինաստանն այս դիրքում երբեք չի եղել, և դա (առևտուրը) պետք է լինի փոխադարձ։

Նշվում է նաև, որ Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարներ Սի Ցզինփինը և Դոնալդ Թրամփը վերջին հեռախոսազրույցում համաձայնության են եկել, որպեսզի արագորեն վերացնեն առևտրային խառնաշփոթը և պատրաստվեն այդ հարցերը քննարկել Արգենտինայում անցկացվող G20 գագաթաժողովի շրջանակներում: Թրամփը նշել է, որ Միացյալ Նահանգները կարևորում է Չինաստանի հետ առևտրային հարաբերությունները և պատրաստ է շարունակել Չինաստանից արտահանումը։ Սին Ցզինփին իր հերթին, նշել է, որ երկրները պետք է գտնեն երկու երկրների կողմից ընդունելի որոշումներ՝ առևտրային ոլորտում հակասությունների համար։

Հինգշաբթի օրը հայտնի դարձավ, որ Չինաստանը և Միացյալ Նահանգները վերսկսել են երկկողմ բարձր մակարդակի խորհրդակցություններ առևտրի և տնտեսական հակասությունների կարգավորման ուղղությամբ:

Նույն շարքից