ՀԱՊԿ գագաթաժողովի արդյունքում կա երկու մոտեցում կազմակերպության գլխավոր քարտուղարի հարցում պաշտոնը կամ պետք է փոխանցվի Բելոռուսին, կամ մնա Հայաստանին: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Վալերի Սեմերիկովը՝ հավելելով, որ երկրորդ տարբերակի արդյունավետության մասով կազմակերպության շատ անդամներ կասկածներ ունեն:
Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովի պաշտոնանկությունից հետո հենց Սեմերիկովն է կատարում գլխավոր քարտուղարի պարտականությունները:
Սեմերիկովը հայտարարել է որ հենց ռոտացիոն տարբերակով պաշտոնը Բելոռուսին փոխանցելու մասին է խոսել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը՝ ամփոփելով նոյեմբերի 8-ին Աստանայում կայացած գագաթաժողովի արդյունքները:
Նոյեմբերի 8-ին կայացած նիստի ժամանակ կողմերը չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ հարցի շուրջ, այն պետք է քննարկվի դեկտեմբերի 6-ին՝ անդամ երկրների ղեկավարների հաջորդ հանդիպման ժամանակ: