Հասարակություն Միջազգային 

«Սելֆին» փրկել է երիտասարդին 99 տարի ազատազրկումից

analitik.am

Տեխասի բնակիչ Քրիստոֆեր Պրեկոպիան կարողացել է ապացուցել իր անմեղությունը սելֆիի օգնությամբ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով KVUE-ին:

Նշվում է, որ երիտասարդին մեղադրանք է առաջադրվել իր նախկին ընկերուհու նկատմամբ սպանության փորձ կատարելու համար: Նրա ընկերուհին դիմել է ոստիկանություն հայտարարելով, որ Քրիստոֆերը ներխուժել է իր բնակարան, սպառնացել է դանակով և ծեծի է ենթարկել իրեն։

Չնայած այն հանգամանքին, որ բոլոր մեղադրանքները հիմնված էին միայն տուժողի խոսքերի հիման վրա, և Պրեկոպիան պնդում էր, որ միջադեպի օրը երեկոյան եղել է տանը՝  նա ձերբակալվեց: Մեղադրող կողմը տղամարդու համար պահանջել է 99 տարի ազատազրկում, իսկ ավելի ուշ, վերջինիս հարազատներին հաջողվել էր ազատել նրան 150 հազար դոլարի գրավի դիմաց:

Նշվում է նաև, որ տղամարդու անմեղությունը կարողացել է ապացուցել վերջինիս մայրը: Նա հիշել է, որ այդ օրը, երբ տեղի է ունեցել դեպքը, նրանք հյուրընկալվել են մի հյուրանոցում, որը գտնվում է հանցագործության վայրից 65 կմ հեռավորության վրա: Եվ այդ ժամանակ նրանք լուսանկարվել են և հրապարակել սոցցանցում, մասնավորապես, Քրիստոֆերը, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է այդ երեկոյի ժամանակ արված սելֆի: Եվ հենց այդ լուսանկարն էլ համոզել է ոստիկաններին, որ հարձակման պահին նա գտնվել է բոլորովին այլ վայրում:

Հետագայում պարզվել է, որ վիրավորված աղջիկը հորինել է ամբողջ պատմությունը՝ նախկին ընկերոջից վրեժխնդիր լինելու համար։

Նույն շարքից