Հասարակություն 

Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությունը` Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիրում

analitik.am

Երևանում գտնվող Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությունը Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանի ու Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի ուղեկցությամբ այցելել է Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել հերոսամարտի 18 նահատակների հուշակոթողին և ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեի կիսանդրուն:

Ֆրանսիական հրամանատարական նավի տեսքով ձևավորված թանգարանային ցուցասրահում հյուրերին ներկայացվել են Մուսա լեռան հերոսամարտի փաստավավերագրական նմուշները և ինքնապաշտպանական մարտերի պատմությունը, իսկ երկրորդ հարկում դիտել են Մուսա լեռան համայնապատկերը՝ «Ժաննա դը Արկ» ռազմանավի օրինակով ստեղծված վիրտուալ տախտակամածից:

Ֆրանսիացի հյուրերը կանգ են առել նաև հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությունը խորհրդանշող աղբյուր-հուշարձանի մոտ, ուր փորագրված են մուսալեռցիների փրկությանը մասնակցած ֆրանսիացի նավաստիների անունները:

Հուշահամալիրի տարածքում հյուրերը կանգ են առել նաև Ավարայրի ճակատամարտում նահատակված 23 հայորդիների հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ, որի տեղում Հայաստանում ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ նախատեսվում է կառուցել խաչքար-հուշարձան:

Հուշահամալիր այցելության ավարտին Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակության անդամները հանդիպել են «Մուսա լեռ» հայրենակցական միության ներկայացուցիչների հետ:

Նույն շարքից