Բարի օր Քաղաքականություն 

Մեր սրբազան հայրենիքն աղբի մեջ կորած է. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Նոր Հայաստանում վարչապետ լինելը վայելք չէ, պատասխանատվություն է: Գեղարքունիքի մարզում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանի խոսքերով, այսօր Հայաստանում կա 3 միլիոն վարչապետ և քաղաքացիներից յուրաքանչյուրը վարչապետ է. «Մենք փոփոխություններից կհասկանանք, եթե այս նախադասության բուն իմաստը լավ հասկանանք: Հեղափոխությունը Հայաստանում հաղթեց, որովհետև ձեզանից յուրաքանչյուրն առաջնորդ էր: Այո, այսօր ձեզանից յուրաքանչյուրը ՀՀ վարչապետ է, ինչը նշանակում է, որ մեզանից յուրաքանչյուրն առանձնակի պատասխանատվություն ունի մեր իրականության համար: Մենք միշտ ասել ենք, որ ամեն ինչ կախված է ձեր որոշումից, և փոփոխությունները եղան, երբ դուք որոշում կայացրեցիք: Հիմա, երբ ասում ենք, որ ձեզանից ամեն մեկը վարչապետ է, նկատի ունենք, որ ամեն մեկիդ պատասխանատվության ժամն է եկել, որպեսզի դուք հասկանաք, թե ձեր որոշումից որքան բան է կախված: Օրինակ ընտրություններում, դուք, ինչպես մենք, մի ձայն ունեք, որով վճռում եք երեխաների ճակատագիրը»:

Վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց, որ միշտ խոսել է ու խոսելու է ճշմարտության մասին. «Ամեն անգամ մարզեր գնալիս իսկական ցավ եմ ապրում, որովհետև մեր սրբազան հայրենիքն աղբի մեջ կորած է: Այս խնդիրը պետք է լուծվի կառավարության և քաղաքացու համատեղ պատասխանատվությամբ: Այո, դա իշխանությունների խնդիրն է, այսօր ամենահրատապ խնդիրներից մեկը Հայաստանում աղբի վերամշակման գործարան կառուցելն է: Բայց այսօր քաղաքացին պետք է իր միջավայրը մաքուր պահի` ոչ միայն մաքրելով, այլ նաև չկեղտոտելով: Եթե այդպես չեղավ, մեր երկրում լուրջ բաներ չեն փոխվի: Այսօր Հայաստանում ծխողների 95 տոկոսն այն գցում է գետնին: Նախ ես որպես հին ծխող, ով թողել է ծխելը, խորհուրդ եմ տալիս թողնել: Ժամանակին ես էլ եմ ծխել ու եղել է, որ գցել եմ գետնին: Բայց մի պահի հասկացել եմ, որ սխալ բան եմ արել ու դադարեցրել եմ: Հեղափոխությունը սկսում է այստեղից, այն մեզանից յուրաքանչյուրի փոփոխությունն է»:

Նույն շարքից