Բարի օր Քաղաքականություն 

Պուտինը ճիշտ է անում, որ չի դառնում Հայաստան-Բելոռուս բանավեճի կողմ. Արմեն Ռուստամյան

analitik.am

Այսօր` նոյեմբերի 19-ին, խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյոք, որ Հայաստանն ինչ-ինչ հանգամանքներում դուրս գա ՀԱՊԿ-ից և այնտեղ Հայաստանի փոխարեն մտնի Ադրբեջանը, նախ հայտարարեց, որ ինքը դեմ է այն ձևակերպումներին, թե ՀԱՊԿ-ում հին դիկտատորները չեն հանդուրժում Փաշինյանին․ «Ի՞նչ է նշանակում հին դիկտատոր: Դրանով արդեն վիրավորում են մարդկանց: Չի կարելի նման հարաբերություններում նման ձևակերպումներ անել: Մարդիկ ամբողջ աշխարհում իրենց  հեղինակությունը պահպանում են: Նրանք հայտարարում են, որ իրենց ժողովուրդներն իրենց ընդունում են, երդվում են իրենց անուններով: Իսկ ինչ վերաբերում է սցենարին, որ Հայաստանին կարող են փոխարինել Ադրբեջանով: Միթե՞ մենք դրանից շահելու ենք: Արտաքին քաղաքականությունը նուրբ արվեստ է, ամեն խոսք պետք է ձևել չափել»:

Ինչ վերաբերում է Հայաստանի ու Բելոռուսի միջև սկսված փոխհրաձգություններին ՌԴ նախագահի արձագանքին, Ռուստամյանը նշեց` վերջինս ճիշտ է անում, որ չի դառնում կողմ. «Գոնե մեկը պետք է չեզոք ու անաչառ մնա: Ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ի հիմնական շարժիչ ուժը Ռուսաստանն է, բոլոր դեպքերում մեկը պետք է լինի, ով բարեկամական հարաբերություններ ունենա բոլորի հետ ու բոլորին բերի համաձայնության դաշտ: Պետք չէ բարդացնել խնդիրը»:

Հարցին, թե Հայաստանը պետք է զիջի, Ռուստամյանը նշեց հակադրվել միշտ էլ կարելի է. «Երկու ղեկավարների հայտարարություններն էլ կառուցողական չեն, նրանց հայտարարությունները փոքրացնում են համախոհության հասնելու հնարավորությունները, համագործակցության ոգուց չեն բխում: Մենք հարցը պետք է ձևակերպենք այնպես, որ այն չտեղափոխվի անձնական հարաբերությունների դաշտ: Սրա մասին է խոսքը: Չի նշանակում, որ մենք դիրքերը պետք է զիջենք»:

Խոսելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին ետ կանչելուն, ՀՅԴ-ական պատգամավորը նշեց` մինչև դա անելը պետք էր նախապատրաստվել, որը չենք արել, ոչ թե փաստից հետո փորձել խնդիրները լուծել։

Նույն շարքից