Այսօր՝ նոյեմբերի 19-ին, խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, խոսելով կուսակցության թույլ տված սխալների մասին, հայտարարեց, թե վերլուծությունների արդյունքում եկել են այն եզրահանգմանը, որ կարևոր սխալը, որն այլևս չեն կրկնի, այն է, որ այլևս մաս չեն կազմելու որևէ կոալիցիայի, որտեղ վճռական ձայնի իրավունք չի ունենա, որտեղ առանց իրենց ձայնի որոշումներ կարող են ընդունվել:
Ռուստամյանի խոսքերով, կոալիցիայում շատ հարցեր լուծվել են, սակայն եղել են նաև հարցեր, որոնք չեն լուծվել ու որոնց լուծումն իրենք կուզենային, բայց դա չի եղել, քանի որ ՀՅԴ-ն որոշիչ ձայն չի ունեցել:
Ինչ վերաբերում է առաջիկա ընտրություններին հնարավոր իշխանական լծակների օգտագործման հավանականությանը, Ռուստամյանը դրան չի հավատում: Նրա խոսքերով, այսօրվա պաթոսն արդեն իսկ ծառայում է կոնկրետ ուժի և նույնիսկ կարիք էլ չկա լծակ կիրառելուն:
Ռուստամյանը վստահություն հայտնեց, որ «Իմ քայլը» դաշինքը մեծամասնություն է լինելու խորհրդարանում և ձևավորելու է կառավարությունը. «Եթե այդպիսի վիճակի լինի, մենք կառավարության մաս չենք կազմի, եթե նույնիսկ թախանձագին խնդրեն: Մենք այլևս դրան չենք գնա»: