Քաղաքականություն 

ՀԱՊԿ-ում լարվածությունը կարող է շատ տհաճ հետևանքներ ունենալ․ Բաղդասարյան

analitik.am

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, խոսելով բելոռուսական կողմի վերջին հայտնի հայտարարությունների մասին, նշեց, որ միջազգային հարթակներում և առհասարակ նման հռետորաբանությունն ընդունելի չէ, առավել ևս դաշնակից ու բարեկամ երկրների միջև, քանի որ ՀԱՊԿ-ը մեկ ընտանիք է. «Ի սկզբանե բացթողումներ եղել են նաև մեր իշխանությունների կողմից, ինչը մենք զգուշացրել ենք: Խոսքը մասնավորապես Խաչատուրովի մասին է: Նա ՀԱՊԿ երկրների համաձայնությամբ նշանակված անձ էր: Երբ նրա նկատմամբ քայլեր էին ձեռնարկվում, այդ մասին նախապես պետք է տեղեկացվեին ՀԱՊԿ անդամները: Դա չարվեց և լարվածությունը հենց այդտեղից առաջացավ: Կտեսնենք, թե ինչ կլինի: Այս լարվածությունը կարող է շատ տհաճ հետևանքներ ունենալ, և որքան շուտ հարցը լուծվի, այդքան ավելի լավ կլինի: Ի վերջո ՀԱՊԿ-ը մեկ մեծ ընտանիք է»:

Ինչ վերաբերում է Բելոռուսի նախագահի կողմից Ադրբեջանի դեսպանին ՀԱՊԿ փակ դռների հետևում տեղի ունեցած խոսակցության մանրամասներ հայտնելուն և նրան, թե համաձայն է արդյոք ինքը, որ Լուկաշենկոն պետք է բացատրություն տա, Բաղդասարյանը հայտարարեց, թե բնականաբար ցանկալի չէ փակ դռների հետևում քննարկածը դուրս հանելը. «Բայց դա կախված է նրանից, թե ինչ պայմանավորվածություններ են եղել փակ դռների հետևում: Պետք է պարզել, թե ով է խախտել պայմանավորվածությունները, իսկ մինչև հիմա ամեն կողմն իր տեսակետն է հայտնում: Հույս ունեմ, որ ամեն ինչ շուտով կպարզվի: Ամեն դեպքում պետք է մեկ բան հստակ ֆիքսել՝ Ադրբեջանը ՀԱՊԿ-ի հետ որևէ առնչություն չունի: Չգիտեմ ում բարեկամն է Ալիևը, բայց Բաքուն ՀԱՊԿ-ի հետ կապ չունի»:

Բաղդասարյանը նշեց, որ Հանրապետականի իշխանության օրոք նման սկանդալներ չեն եղել. «Դա պետք է դիվանագիտական բանակցությունների արդյունքում հարթվեր, ոչ թե մասսայական հայտարարություններով: Մեր ժամանակ եղել են կոշտ խոսակցություններ, սակայն դրանք հարթվել են: Նաև մենք պարտվողական դիրքորոշում չենք ունեցել»:

Նույն շարքից