Նոյեմբերի սկզբին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի օգնական Արեն Մկրտչյանը հանդիպել էին Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների հետ, որպեսզի հարցին լուծում տային: Analitik.am-ը զրուցեց գործարանի աշխատակիցների հետ՝ հասկանալու համար, թե ինչ փուլում է գտնվում հարցի լուծումը: Աշխատակիցներից մեկը մեզ ասաց, որ իրենց հավաստիացրել են, որ ամեն ինչ լավ է լինելու, սակայն հարցն այդպես էլ չի լուծվում.
«Մեզ հավաստիացրեցին, որ ամեն ինչ լավ է լինելու , կառավարությունը զբաղվում է մեր խնդրով , ասեցին, որ մոտ օրերը հարցը կլուծվի, բայց անցել է արդեն մոտ մեկ ամիս, պատասխանում են, որ բանակցություններն ընթանում է, շուտով լուծում կլինի ,բայց բանակցությունները կարող է վեց ամիս ընթանան , մեզ ծանուցում է տրված մինչև դեկտեմբերի 24-ը, ենթադրենք իրենք վեց ամիս բանակցում են վեց ամիս, մենք էլ անգործ ենք մնալու այդ ընթացքում: Գործարանի տնօրինությունն ասում է, որ այս պահի դրությամբ որևէ նորություն չունի մեզ ասելու: Մենք չենք կարող այսպես սպասել, արդեն պետք է դիմենք ծայրահեղ քայլերի»:
Աշխատակիցներից Գևորգն էլ նշեց, որ չի հավատում այն հայտարարությանը, թե բանակցում են չինական պրոյեկտի շուրջ. «Ես այն եզակի մարդկանցից եմ, ով առաջին օրվանից զբաղվել է չինական պրոյեկտով, մենք ենք մեր թիմով գնացել այդ պրոյեկտին մասնակցել, ընտրել տեխնոլոգիա, ու որ հիմա ասում են , որ ընթանում են բանակցություններ այդ չինական պրոյեկտի հետ կապված, ես զարմանում եմ, որովհետև մեզ ոչ մեկ ոչ մի հարց չի տվել, առանց մեզ ո՞նց են քննարկում, իմ կարիքով, չինական պրոյեկտի մասով որևէ բան չի արվում, դա ասվում է ուղղակի մարդկանց հանգստացնելու համար»:
Աշխատակիցներից մեկն էլ նշեց, որ եթե այսպես շարունակվի, ապա Ալավերդու բնակիչներից շատերը կհեռանան.«Եթե շարունակեն խոստումներ տալ ու չկատարել, Ալավերդու ժողովուրդը շատ ծանր վիճակում է գտնվելու և երևի կեսը կհեռանա, ես էլ մեծ ընտանիք եմ, երեք տղա ունեմ, բայց էս պահին կառավարությունը չի մտածում, ասենք, սաղ խոստում են տալիս՝ վերևից ներքև, բայց ոչ ոք ոչ մի բան չի անում:Մեր պահանջն ի՞նչ է, մենք ոչ հաց ենք ուզում, ոչ փող, մենք ուզում ենք աշխատանք , մեր աշխատանքը թող բացեն աշխատենք: Որ ասում են, թե ուռուցք կա, բակ կա, էտենց բան չկա, 250 տարի էտ զավոդն աշխատել ա, ի՞նչ ուռուցք: Ժողովուրդն ուրիշ բան չի ուզում, աշխատանք ա ուզում, դա բարդ խնդիր չի: Չեն կարում ՎՏԲ-ի հետ հարց լուծեն, չեն կարում ինչ-որ մեկի հետ հարց լուծեն, դա դժվա՞ր ա լուծելը: Գործարանի փակումը հանգեցնելու է արտագաղթի, ով չի կարողանա արտագաղթել՝ ծերերը, մանուկները, կմնան, բայց մեծ մասը գնալու ա: Մենք հավատացել ենք իրանց, բայց եթե իրենք մեզ խաբեցին, մենք ուրիշ քայլերի ենք դիմելու»:
Նրանք նշեցին, որ հիմնականում մարդիկ խուսափում են խոսել այս թեմայով, մարդկանց մեջ վախ կա, հետևաբար չեն կարողանում արտահայտվել. «Մարդիկ մտածում են, որ գուցե այսօր խոսեն, հետո իրենց համար ինչ-որ վատ հետևանքներ լինի, բայց ես կորցնելու բան չունեմ, իմ ընտանիքը մեծ ա, արդեն սովի են մատնվում, արդեն գնում ենք խանութ պարտքով բան վերցնելու, չեն տալիս: Ես ի՞նչ ունեմ կորցնելու, հիմա եթե երեխաս ասի՝ հաց տուր, չկարողանամ տամ, ի՞նչ անեմ: Ումի՞ց վախենամ: Մարդիկ տարբեր բաներից են վախենում՝ խոսեն, բա հասարակությունն ի՞նչ կասի կամ հետագայում գործարանը սկսի աշխատել, գուցե իրենց հանեն աշխատանքից: Տարբեր բաներից են վախենում: Կառավարությունն ասում է՝ իմ դեմ եք դուրս գալիս, գործարանի ղեկավարությունն ասում է՝ իմ դեմ եք դուրս գալիս, մենք ոչ ոքի դեմ դուրս չենք գալիս, մենք ընդամենն աշխատանք ենք ուզում, հացի խնդիր ա: Ես երեք երեխա ունեմ, չորրորդ երեխաս էլ հեսա ծնվելու ա, ես ի՞նչ պիտի անեմ՝ կամ պետք է գողություն անեմ, կամ էլ թողնեմ գնամ»:
Աշխատակիցներից շատերը նաև մտահոգված էին վարկերի հարցով, քանի որ հիմնականում բոլորն էլ վարկեր ունեն և չեն պատկերացնում, թե ինչպես են վճարելու այդ վարկերը, եթե չաշխատեն:
Նշենք, որ երեկ՝ նոյեմբերի 18-ին, Ալավերդի էր գնացել նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը: Ըստ Analitik.am-ի տեղեկությունների, վերջինս փորձել է հասկանալ, թե ինչպես կարող են մինչև ՀՀ ԱԺ ընտրությունների օրն իրավիճակը հանգիստ պահել, որպեսզի պղնձաձուլարանի աշխատակաիցները որևէ ակցիա չանեն: Այս պահի դրությամբ Ալավերդու պղնձաձուլարանի մոտ 720 աշխատակիցների հարցը դեռևս մնում է չլուծված, իսկ մինչև ԱԺ ընտրությունները հարցը չլուծվելու դեպքում հարց է, այն նոր ԱԺ-ն ձևավորվելուց հետո կլուծվի, թե ոչ:

Հիշեցնենք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի տնօրինությունը լուրջ ֆինանսական խնդիրների առջև է կանգնած, ինչը պայմանավորված է Բնապահպանական պետական տեսչության կողմից տուգանված խոշոր գումարի հետ: Հոկտեմբերի 19–ին ընկերությունը պաշտոնապես կասեցրեց իր գործունեությունը։