Առանց լայն հանրային քննարկման, առանց հանրային համաձայնության որևէ հարկային բեռի ավելացում չի լինելու: Այսօր` նոյեմբերի 19-ին, կառավարության արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը` խոսելով հարկային փոփոխությունների մասին: Միրզոյանի խոսքերով, զանազան գաղափարներ կարող են քննարկվել, որոնք հնարավոր է նաև մեկնաբանվեն ոչ այնպես, ինչպես դրանք կան:
Առաջին փոխվարչապետը հայտարարեց, որ կոնկրետ վերոնշյալ օրենքի դեպքում աղավաղում կա. «Իրականում կա միտք ներդնել եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ, որտեղ բոլոր քաղաքացիները հայտարարագրեն իրենց եկամուտները: Նույնիսկ եթե այս գաղափարը կյանքի կոչվի, պետք է բացառել, որևէ եկամուտի կրկնակի հարկումը: Չի կարող լինել նման բան, որ օրինակ ուղարկված գումարի համար ԱՄՆ-ում կամ Ռուսաստանում հարկ վճարեն ու հարկ վճարվի նաև Հայաստանում: Այլ մանրամասներ ունի այս թեման: Ես չեմ ուզում խորանալ, միայն կարող եմ ասել, որ սա գաղափար է, որը պետք է քննարկվի: Պետք է հասկանալ, թե քաղաքացիներն ու մեր երկիրը որքանով սրանից կշահեն, որքանով` ոչ»:
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ վերոնշյալ օրենքով, որը կարող է ուժի մեջ մտնել 2020 թվականից, Հայաստան մտնող տրանսֆերտների 23 տոկոսը հարկվելու են: