Գլխավոր Տնտեսություն 

Հարկվելու է արդյոք կինը, ով ստանում է դրսում աշխատող ամուսնու ուղարկած գումարը. ՊԵԿ նախագահի պարզաբանումը

analitik.am

Միևնույն եկամուտը միևնույն հարկատեսակով հարկելու նպատակ մենք չենք հետապնդում: Այսօր՝ նոյեմբերի 19-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ խոսելով, այսպես կոչված, «խոպանչիներին» հարկելու մտադրության մասին:

Անանյանի խոսքերով, այս թեմայի շուրջ քննարկումները, որոնք սկսվել են համացանցում հիմնավոր չեն. «Հնարավոր է, որ այս կամ այն նախադասությունը կամ միտքը սխալ ընկալված լինի: Ամենակարևորն այն է, որ առանց հանրային քննարկման, որևէ նախաձեռնություն չի կարող օրենքի ուժ ստանալ: Հիմա ես հասկանում եմ, որ այս նախընտրական շրջանում ինչ-որ միտք կարող է լինել, կոնտեքստից դուրս կարող է ինչ-որ մեկնաբանություններ ստանալ և շահարկման առարկա դառնալ: Կառավարությունում դեռ որևէ կոնկրետ նախագիծ չկա, կա եկամուտների համատարած հայտարարագրման գաղափար, դրա շուրջ կան տեսակետներ, որոնք պետք է քննարկվեն մասնագիտական շրջանակներում, կառավարությունում, ինչից հետո կդրվի հանրային քննարկման: Դա լինելու է 2019 թվականի ընթացքում, որևէ շուտափույթ օրենք չի ընդունվելու»:

Հարցին, թե ինչով է պայմանավորված բոլորի եկամուտները հայտարարագրելու գաղափարաը, Անանյանը նշեց, որ աշխարհի շատ երկրներում այդ ինստիտուտը կա. «Մենք` որպես ՀՀ, մեր ստեղծման օրվանից  քննարկում ենք ունենալ արդյոք հնարավորություն այն կիրառելու մեզ մոտ: Հիմա առաջին անգամ տեխնիկապես նման հնարավորություն ունենք: Ոչ թե անձինք իրենք են պատրաստելու այդ տարեկան դեկլարացիաները, այլ հարկային համակարգում առկա համակարգերը պետք է գեներացնեն այդ հաշվետվությունները: ՄԵնք պետք է տանենք ներկայացնենք ֆիզիկական անձանց, ովքեր կասեն համաձայն են դրա հետ, թե` ոչ»:

Անանյանի խոսքերով, եթե մենք որոշել ենք, որ պետք է վերջնականապես արմատախիլ անենք ստվերը, պետք է ներդնել վերոնշյալ համակարգը:

Ինչ վերաբերում է տրանսֆերտներին, ՊԵԿ նախագահը հայտարարեց. «Անձը, ով եկամուտ է ստանում դրսում և այդ տրանսֆերտն ուղարկում է իր ընտանիք, որպեսզի սպառի, մենք սպառումը չենք հարկելու: Անձը, ով դրսում եկամուտ է ստանում և եկամտային հարկի առումով համարվում է ռեզիդենտ, այսօր էլ տարեկան դեկլարացիա ներկայացնելու պարտավորություն ունի Հայաստանում: Եթե նա հայաստանյան օրենսդրության համաձայն եկամտային հարկի առումով չի հանդիսանա ռեզիդենտ ու կստանա ոչ հայաստանյան եկամուտներ, չի հարկվի Հայաստանում»:

Հարցին, թե ինչ են ուզում փոխել դրանով, Անանյանը պատասխանեց. «Անձը, ով այսօր չի գնում ՊԵԿ, ու ՊԵԿ-ը չգիտի` ինքը եկամուտ ստացել է, թե` ոչ, ես արդնե գնալու եմ նրա դուռը, որ իմանամ եկամուտ ստացել է, թե` ոչ»:

Լրագրողի հարցին, թե հարկվելու է արդյոք կինը, ով ստանում է դրսում աշխատող ամուսնու ուղարկած գումարը, ՊԵԿ նախագահն ասաց, որ կնոջ մոտ չի հարկվելու. «Ռուսաստանում գտնվող ամուսինը, ով, ենթադրենք չգրանցված անօրինական աշխատող է, երբ վերադառնա Հայաստան, պետք է տարեկան դեկլարացիայի մեջ իր եկամուտն արտացոլի: Եթե այնտեղ հարկ է վճարել, այդ հարկը պետք է վերադարձնենք նրան, տարբերությունը պետք է վճարի իր հայրենի երկիր բյուջեին: Ինչ հիմա ասում եմ, սրանք գաղափարներ են, պետք է դեռ մշակվեն»:

Նույն շարքից