Իրավական Հասարակություն 

Բնակարանային գողությունը բացահայտվել է. երկու անձի մեղադրանք է առաջադրվել

analitik.am

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է հափշտակության դեպքը: Երկու անձի մեղադրանք է առաջադրվել:

2018թ. նոյեմբերի 13-ին՝ ժամը 15:15-ին, Կապանի բնակչուհուց Ոստիկանությունում ահազանգ է ստացվել առ այն, որ իր բնակարանից գողություն է կատարվել:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը՝ քննիչի գլխավորությամբ:

Նախնական տվյալներով՝ 2018թ. նոյեմբերի 13-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, մի խումբ անձինք, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նախնական համաձայնությամբ, հարմարեցված առարկայի գործադրմամբ դռան փականը բացելու եղանակով, ապօրինի մուտք են գործել բնակարան և գաղտնի հափշտակել զգալի չափերի հասնող գումար:

Նույն օրը Քննչական կոմիտեի Սյունիք մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով:

Ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների  արդյունքում բնակարանից կատարված գողությունը բացահայտվել է, պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Կապան քաղաքի բնակիչներ՝ ծնված 1996 և 1982թթ., անհատականացվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները:

Օրենքով սահմանված կարգով խուզարկություններ են կատարվել վերջիններիս բնակարաններում, որի ժամանակ հայտնաբերվել են մուտքի դռների փականներ բացելու համար նախատեսված հատուկ հարմարեցված գործիքներ: Բացի այդ, բնակարաններից մեկում հայտնաբերվել է նաև կանաչանման, հատուկ բույրով զանգված: Կատարված դատաքիմիական փորձաքննությամբ պարզվել է, որ այն հանդիսանում է «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին և 36-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով:

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ նույն խմբի կողմից կատարված հնարավոր այլ հանցավոր արարքները, դրանց կատարմանը այլ անձանց հնարավոր առնչությունը պարզելու ուղղությամբ։

Ծանուցում․ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական օրենսգրքի սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նույն շարքից