Հասարակություն 

ԿԽՄԿ ներկայացուցիչները պարբերաբար այցելում են Կարեն Ղազարյանին

analitik.am

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության նորանշանակ ղեկավար Քլեր Մեյթրոյին:

Նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել Արդարադատության նախարարության համագործակցությունը ԿԽՄԿ-ի հետ և փոխգործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն է հայտնել:

Քլեր Մեյթրոն շնորհակալություն է հայտնել Արտակ Զեյնալյանին ընդունելության համար և ներկայացրել Կարմիր Խաչի հայաստանյան գործունեությունը, ինչպես նաև անդրադարձել է համագործակցության հետագա հնարավորություններին:

Արդարադատության նախարարի պաշտոնակատարն ու ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավարը քննարկել են նաև  Ադրբեջանի կողմից գերեվարված, Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի պահման պայմաններին վերաբերող հարցերը:

Քլեր Մեյթրոն տեղեկացրել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են Կարեն Ղազարյանին և առաջիկայում ևս այց կկատարեն: Նա հավելել է, որ իրենք մշտապես կապ են պահպանում Կարեն Ղազարյանի ընտանիքի անդամների հետ: Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը տեղեկացրել է, որ իրենց կառույցն ազատազրկված անձին ազատ արձակելու բանակցություններում ներգրավվելու կամ դատարանի վճիռների վրա ներգործություն ունենալու որևէ իրավասություն չունի:

 

Նույն շարքից