Հասարակություն 

Եթե հարցը չլուծվի, նորից կփակենք միջպետական ճանապարհը. Բերդավանի բնակիչներ

analitik.am

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, ՀՀ կառավարության շենքի դիմաց Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչներն Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանի հարազատների հետ միասին  բողոքի ակցիա էին  կազմակերպել՝ պահանջելով հանդիպում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն.Փաշինյանի հետ:

Analitik.am-ի հետ զրույցում բողոքի ակցիայի կազմակերպիչները նշեցին, որ ակցիաները շարունակվում են, քանի որ արդարադատության նախարարի պատասխանը Ղազարյանի ծնողներին չի բավարարել. «Ղազարյանի ծնողները վարչապետի հետ հանդիպում են պահանջում, որպեսզի այս հարցի լուծման վերաբերյալ կոնկրետ տարբերակներ իմանան: Այսօրվա հավաքի իմաստն այն է, որ ծնողների կողմից գրված նամակը հանձնենք վարչապետին, եթե ոչ մի արձագանք չլինի 2 օրվա ընթացքում, կշարունակենք և նորից կփակենք միջպետական ճանապարհը»:

Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքերով, այս պահին Տավուշի մարզում ճանապարհները բաց են, բայց եթե 2 օրվա ընթացքում այս հարցին լուծում չտրվի, նրանք փակելու են Հայաստան-Վրաստան սահմանը:

Նշենք նաև, որ այսօր գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանի հորաքրոջ տղան՝ Խորեն Ասլանյանը, հանդիպում է ունեցել վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ: Ասլանյանի խոսքերով, նրանք պայմանավորվել են, որ վարչապետին պետք է ներկայացվի գերիների փոխանակման հանձնաժողովի կազմը:

Նույն շարքից