Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Առաջիկայում կտեսնեք, թե ոնց կջախջախենք ձեր բոլոր ֆեյքերին և ձեր ֆեյք պնդումները. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Նիկոլ Փաշինյանն այսօր մամուլի ասուլիս տվեց, որի ժամանակ անդրադարձավ մի շարք հարցերին: Այսպես՝

ՀԱՊԿ-ում նախագահության պաշտոնը կորցնելու և Բելոռուսի արձագանքի մասին.

Փաշինյանն ասաց, որ եթե կոնսենսուս չլինի, կշարունակեն աշխատանքը կոնսենսուսի ստեղծման և դրան հասնելու ուղղությամբ, քանի որ ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսունսով և համաձայնությամբ: Բելոռուսի ԱԳՆ խոսնակի մասով Փաշինյանը կարծում է, որ արձագանք եղել է և իր զրուցակիցն այս հարցում Բելոռուսի նախագահն է, այլ ոչ թե ԱԳՆ մամուլի խոսնակը: Նշեց, որ շարունակելու է իր դիրքորոշումը պահել այս հարցում:

ՀԱՊԿ անդամ երկրների կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու մասին 

Փաշինյանը նշեց, որ Հայաստանը պետք է պարզաբանումներ ստանա, հասկանա, թե ՀԱՊԿ անդամ երկրներից յուրաքանչյուրն ինչ պատասխանատվություն ունի ռազմաքաղաքական դաշնակիցների նկատմամբ, մեկը մյուսի նկատմամբ, երկրներն ինչ պարտավորություններ ունեն կազմակերպության նկատմամբ, և կազմակերպությունն ինչ պարտավորություն ունի երկրների նկատմամբ: Նա նշեց, որ Հայաստանն իր պարտավորությունները լիարժեք կատարում է, ինչը չեն անում մյուս երկրները: Փաշինյանը նշեց, որ պետք է հասնել նրան, որ փոխադարձաբար պարզ և կանխատեսելի քաղաքականություն վարեն կազմակերպությունները:

Փաշինյանի տված՝ ընտրական, հարկային օրենսգրքերի ընդունելու, սոցիալական վիճակը  բարելավելու խոստումները չկատարելու մասին. 

Ընտրական օրենսգրքի մասով Փաշինյանը նշեց, որ պարտավորությունը վերաբերել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, այլ ոչ թե ընտրական օրենսգրքին, նույնիսկ եթե հրապարակում նման խոստում տված լինեին էլ, պետք է խորհրդարանական ուժերն այնպես անեին, որ այդ օրենգիրքն ընդունվի: Նա նշեց, որ կառավարությունն ամեն ինչ արել է, որ դա ընդունվի: Սոցիալական վիճակի բարելավումը Փաշինյանը պատկերացնում է այն բանաձևով, որով հեղափոխությունն իրականացրել են: Չկա այդպիսի հարց, որ կառավարությունը պետք է միայնակ լուծի, պետք է բոլոր հարցերը լուծվեն հանրության հետ միասին: Սոցիալական վիճակի մասով Փաշինյանը նշեց, որ սոցիալական վիճակի բարելավումը տեղի է ունենալու աշխատանքի խրախուսման միջոցով: Նա նշեց, որ երբ նշում են, որ միկրոբիզնեսն ազատում են հարկերից, դա նույնպես սոցիալակն վիճակի բարելավման համար է արվում: Խոսեց տաքսու վարորդներից  գումար չգանձելու որոշման մասին, որը բարելավելու է այդ մարդկանց վիճակը, քանի որ ամսեկան 12000 դրամը Երևանում և 8000 դրամը մարզերում չի գանձվելու: Փաշինյանը համարում է, որ կառավարության մեծագույն պարտավորությունն այն է, որ պետական միջոցները չթալանվեն, Հայաստանում բիզնես գործունեությունը զարգանա, հարկ վճարողների թիվը շատանա, և մարդիկ հնարավորություն ունենան բիզնես գործունեություն ծավալելու համար: Նա նշեց, որ հեղափոխությունից հետո 37 000 աշխատատեղ է ստեղծվել, բայց  դրանք նոր ստեղծված աշխատատեղեր չեն, այլ ուղղակի մարդիկ որոշել են փոփոխված պայմաններում գրանցել իրենց աշխատակիցներին: Փաշինյանի կարծիքով, մարդու երջանկության հիմնական կոմպոնենտն այն է, երբ մարդն աշխատում է հաճույք է ստանում իր աշխատանքից, գումար է ստանում իր աշխատանքի դիմաց: Նա նշեց, որ չաշխատող մարդը չի կարող իրեն երջանիկ զգալ:

Տնտեսական ոլորտ

Փաշինյանի կարծիքով, տնտեսական ոլորտում ամենամեծ ձեռքբերումը մենաշնորհների վերացումն է, ապա կոռուպցիայի դեմ պայքարը, ստվերի դեմ պայքարը՝ նշելով նորից 37 000 աշխատատեղերը, որոնց ստվերից դուրս են եկել: Տնտեսական ոլորտի ձախողումը Փաշինյանը համարում է հանքարդյունաբերության շուրջ իրենց իրականացրած քաղաքականությունը, որը ներդրումային միջավայրի համար բացասական ֆոն է ստեղծում: Օտարերկրյա խոշոր ներդրումների հետ կապված  իրականացրած որոշ գործողություններ ֆոն են ստեղծում միջազգային որոշ գործընկերների մոտ՝ նշելով, որ ամեն ինչ անում է կառավարությունը, որպեսզի հասկանան, թե որն է ՀՀ կառավարության մոտեցումը: Տնտեսական ակտիվության ցուցանիշի  մասին խոսելիս Փաշինյանն ասաց, որ միշտ տնտեսական ակտիվության ցուցանիշը նկարված է եղել. « Այսօր տեղի է ունենում տնտեսության առողջացում: Բուքմեյքերական համաճարակի դեմ մենք պայքարելու ենք, որովհետև կարծում եմ, որ երկրի բովանդակության վրա ազդող գործընթաց է: Գյուղերի միջով, որ անցնում էինք, մարդիկ ասում էին, որ սա աղետ է: Մենք պետք է հրաժարվենք հին տնտեսական կառուցվածքից և ստեղծենք նոր տնտեսական կառուցվածք: Մենք հիմա աշխատում ենք շաքարի գործարանի բացման ուղղությամբ, աշխատում ենք բացել կենցաղային ապրանքների արտադրության  գործարան: Ինչ վերաբերում է Հյուսիս-Հարավ ճանապարհին, այնտեղ որակի խնդիր կա, որի ուղղությամբ մենք հիմա աշխատում ենք»:

Փաշինյանը նշեց, որ այս պահին Հայաստանի տնտեսության հենասյուները եղել են գյուղատնտեսությունը, հանքարդյունաբերությունը, բուքմեյքերները, որը բերել է ճգնաժամի.«Կներեք, բայց սա 21-րդ դարի խոսակցություն չի: Մեր տնտեսության աճը կախված է նրանից՝ կարկուտ կգա, թե չէ: Միլիոնավոր դոլարներ են ծախսվել, որպեսզի հակակարկտային կայաններ դրվեն, բայց հետո պարզվել է, որ դա արդյունավետ չի, հիմա էլ 11 միլիոն դոլար ծախսենք, որպեսզի հրթիռային համակարգ բերենք, էս ընթացքում պատահաբար պարզվել ա, որ արդյունավետ ա, պարզապես մենք արդյունավետ չենք օգտագործում: Մենք չենք պատրաստվում մեր ժողովրդին տոկոսի տակ գցելով տնտեսական աճ ապահովել: Մենք պատրաստվում ենք մեր երկիրը արդյունաբերական երկիր դարձնել որը ոչ թե հումք ա արտադրում, այլ պատրաստի ապրանք»:

Ամուլսար 

Փաշինյանը նշեց, որ Ամուլսարի հետ կապված կա հարուցված քրեական գործ, որի ամենակարևոր հանգրվանը լինելու է միջազգային փորձաքննությունն ամենահեղինակավոր որևէ կազմակերպության կողմից, անառարկելի հեղինակություն ունեցող կազմակերպության կողմից՝ նշելով, որ բյուջեից միջոցներ չեն խնայելու, որպեսզի այդ հարցերի պատասխանը ստանան: Այդ եզրակացությունը լինելու է ուղեցույց կառավարության համար: Հարցերը վերաբերում են նրան, թե արդյոք Սևանի և Ջերմուկի ջրերի համար վտանգ կա, թե ոչ: Եթե վտանգ կա, նշանակում է այդ նախագիծը պետք է փակվի, եթե վտանգ չկա, ապա այդ նախագիծը պետք է շարունակի աշխատել: Եթե պարզվի, որ Սևանի ջրերի համար վտանգ չի ներկայացնում, ապա կառավարությունը կաջակցի այդ նախագծին:

Ներքաղաքական 

Փաշինյանը նշեց, որ խորհրդարանական ընտրություններից հետո կրճատվելու է նախարարությունների թիվը: Նա նշեց, որ հրապարակված ճանապարհային քարտեզը լիարժեք իրագործվել է: Փաշինյանի կարծիքով, կառավարությունը 100 տոկոսով իրականացրել է այն խնդիրները, որոնք պետք է լուծեր: Նա նշեց, որ հեղափոխությունից հետո վեց ամիս կայունություն է եղել՝ ներքին և արտաքին քաղաքականության մեջ, սակայն ոչ ոք չի ասում, որ այդ կայունությունը պահպանվել է, եթե չպահպանվեր, այն ժամանակ նոր կխոսեին, որ կառավարությունը չի կարողացել պահպանել. « Ասում են նախարարն ասել է փետրվարի 31, այսինքն որևէ մեկը մտածում է, որ տրանսպորտի նախարարը չգիտի՞, որ չկա փետրվարի 31, որևէ մեկը գիտի, թե ինչո՞վ է զբաղվել այդ մարդը մինչև նախարար դառնալը, Հայաստանի ինժեներական ոլորտի ներկայացուցիչներից որևէ մեկն է եղել: Ֆեյք են բացում, ասում են՝ կրթության նախարարը տառասխալներով ստատուս է գրել: Ֆոտոշոփով սարքում են, ասենք, մեկը պատկերացնո՞ւմ է, թե ինչի մասին է խոսում, գիտությունների թեկնածու: Կամ վերջերս ՀՀԿ մի ներկայացուցիչ ասում ա, որ ինչպե՞ս կարելի ա նախարար նշանակել մի մարդու, ով ոչ մի բան չի ղեկավարել, բայց չի ասում, որ ինքն էլ  ամբողջ կյանքում ոչ մի բան չի ղեկավարել, ինքն էլ ա եղել նախարար, բայց էլի ոչ մի բան չի ղեկավարել ու իր ամբողջ կյանքում չի էլ ղեկավարելու, որովհետև ինքն էական չի, որտեղ էլ իրեն դնեն իրան ղեկավարելու են, բայց ինքը չի ղեկավարելու: Ասում են՝ փորձ չունեն, իհարկե, կոռուպցիայի փորձ չունեն, ես գոհ եմ դրանից, և այն պաշտոնյան, ով կուզենա կոռուպցիայի փորձ ձեռք բերել, ամենադաժան ձևով կպատժվի»:

Համընդհանուր հայտարարագրման  գաղափարի մասին

Փաշինյանը նշեց, որ դա ընդամենը գաղափար է, որը թղթի վրա դեռ գրված չի. «Դա դեռ պետք է քննարկվի, դա ընդամենը գաղափար է: Ես վերջերս լսում եմ, որ մեր փորձագիտական շրջանակները ասում են, թե պետք է բոլորն ավելի քիչ հարկեր վճարեն, բայց փողոցները պետք է մաքուր լինեն, ռազմական ծախսերը պետք է ավելացնենք, թոշակները բարձրացնենք, բայց այդպես չի կարող լինեն: Մենք պետք է հասկանանք, որ մեր երկիրն ունի խնդիրներ, որ պետք է լուծվեն: Չի կարող այնպես լինել, որ 350 000 հարկ վճարող քաղաքացիներ լինեն, որոնց մուծած հարկերով մենք լուծենք բոլոր խնդիրները՝ անվտանգություն, կրթություն, ամեն ինչ, բոլոր պետական ծախսերը: Եղան մեկնաբանություններ, թե վարչապետն ասում ա մեր ժողովուրդը ծույլ ա, ես ասում եմ, որ նախորդ կառավարությունները չեն թողել, որ ժողովուրդն աշխատի, նախորդ քաղաքական համակարգին ձեռնտու ա եղել, որ մարդը չքավոր լինի, որ տանեն 5000 դրամ տան , այդ մարդն իրան ընտրի՝ տառեր չիմացող պատգամավորի թեկնածուին: Տառեր չիմացող քաղաքական թիմն այսօր մեր նախարարին մեղադրում ա, որ ինքը տառասխալներով ա գրում: Տո ձեր  պատգամավորներին և նախարարներին, որ 4-րդ դասարանի թելադրություն տայինք, 70 տոկոսը կկտրվեր քննությունից: Բոլորը բոլոր ռեսուրսներին տիրապետում են, և իրենց թվում ա, որ իրանց ֆեյքերի միջոցով կարող են հանրային կարծիք ձևավորել, թույլ չենք տալու: Իրենց 1000 լրատվամիջոցներին  մենք կջախջախենք մեր մեկ ճշմարտությամբ և առաջիկայում կտեսնեք, թե ոնց  կջախջախենք ձեր բոլոր ֆեյքերին և ձեր ֆեյք պնդումները:  Եթե ձեզ թվում ա, որ ձեր թալանած փողերով հեսա ընտրություններին հաջողություն եք ունենալու, դուք ուղղակի չեք ճանաչում մեր ժողովրդին, ձեր իմացած Հայաստանը չկա և չի լինելու »:

Գյումրիում քանդված և կիսաքանդ կենտրոնական փողոցների և բնակչության ծայրահեղ ծանր սոցիալական վիճակի, 2019 թվականի բյուջեով Գյումրի քաղաքի համար նախատեսված միջոցների մասին 

Փաշինյանն ասաց, որ ընդհանուր առմամբ խնդիրների լուծումը նույնն է՝ պետք է աշխատատեղեր ստեղծվեն, ներդրումներ արվեն, մարդկանց եկամուտներն ավելանան, որպեսզի այդ խնդիրները կարգավորվեն: Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք 2019 թվականի բյուջեում միջոցներ նախատեսվա՞ծ են Գյումրու խնդիրները լուծելու համար, Փաշինյանն ասաց, որ Գյումրիում մեծ վարկային ծրագիր է իրականացվում, և եթե այդ ծրագրի հետ կապված է որևէ խնդիր առաջանում, պետք է հասկանալ: Քանդված և այդպես թողած փողոցների մասով Փաշինյանն ասաց, որ տեղեկատվություն կստանա այդ մասին. «Ընդհանրապես ուշադրության պակասի թեման Հայաստանում կա: Այո, բոլորը կուզեին և արժանի են ավելի մեծ ուշադրության, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ : Մենք հանդիպել ենք այն իրավիճակում, որ հարցերի ու խնդիրների հեղեղ է գալիս մեզ վրա, մենք պետք է հասկանանք այդ հեղեղն, առանձնացնենք և հերթով լուծենք: Աղետի գոտում ստեղծված իրավիճակն առաջնային նշանակություն ունի: Մենք բանակցություններ ենք ունենում աղետի գոտում ներդրումային ծրագրերի շուրջ»:

Արցախի հարցի և օպերատիվ կապի մասին

Նիկոլ Փաշինյանը նախ նշեց, որ հարաբերական հանգստությունը ոչ թե օպերատիվ կապի, այլ Դուշամբեի պայմանավորվածությունների արդյունք է, ինչ վերաբերում է օպերատիվ կապին, ապա դա պայամնավորվածության հարակից բաղադրիչներից մեկն է. «Այդ կապի հետ կապված էլ որոշակի քննարկումներ եղան, այնպիսի տպավորություն էր, որ ես ու Ադրբեջանի նախագահն իրար հետ չաթ ենք անում առավոտից իրիկուն: Իհարկե, այդպես չի: Ներկայուցուցիչների միջոցով տեղեկատվություն է փոխանցվում, ըստ անհրաժեշտության: Արցախի խնդրի վերաբերյալ ես իմ դիրքորոշումներն ասել եմ: Մենք պետք է մեր համազգային ներուժը համախմբենք մեր շահերը պաշտպանելու համար: Ես ուզում եմ մի բան ասել՝ընդհանրապես կա չէ, ըստ էության, բանակցային պրոցեսի առաջին օրից բանակցային գործընթացը խորհրդականության քողով պատելը, հիմա ընկալում կա, որ Արցախի բանակցային գործընթացին տիրապետել են քիչ թվով մարդիկ, ես այս մոտեցումը սխալ եմ համարում, ես կարծում եմ, որ Արցախի հարցի շուրջ տեղի ունեցող բանակցային գործընթացին պետք է տիրապետի հնարավորինս շատ մարդ: Այսօր հայ ժողովուրդը Արցախի հարցի վերաբերյալ բանակցային գործընթացից տեղակացված է առավել, քան երբևէ, և այս մոտեցումը շարունակվելու է, չեմ կարծում, որ Արցախի հարցին պետք է սահմանափակ թվով մարդիկ տիրապետեն »:

 

 

Նույն շարքից