Բարի օր Հայաստան 

Նիկոլ Փաշինյանն այն մասին, թե ինչու չեն բռնում Սերժ Սարգսյանին

analitik.am

Մարտի 1-ի գործում այնպիսի բացահայտումներ են արվել, որ նույնիսկ զարմանում եմ, թե ինչու այդ թեմաներով փոթորիկներ չեն լինում: Այսօր՝ նոյեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ գործի վերաբերյալ իր մոտեցումները չեն փոխվել:

Փաշինյանի խոսքերով, Մարտի 1-ի գործով իրավապահ մարմինն ապացույցներ է կեղծել ամենաբարձր մակարդակով. «Քննությունն ընթացքի մեջ է»:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու չի բռնվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ում Նիկոլ Փաշինյանը ժամանակին համարում էր Մարտի 1-ի գործում համար մեկ պատասխանատուն, վարչապետի պաշտոնակատարը նշեց. «Դա ի՞նչ հարցադրում է: Հիմա որ ասեմ՝ մյուս շաբաթ կբռնեն, կասեն՝ քննության նկատմամբ ճնշումներ են սկսվել, չի փոխվի այս երկրում որևէ բան: Իսկ եթե չբռնեն, կասեն՝ պայմանավորված է»:

Փաշինյանը նաև խոսեց այն կարծիքների մասին, թե Հայաստանում տեղի ունեցածը կազմակերպել են հենց Սերժ Սարգսյանն ու Միքայել Մինասյանը՝ հայտարարելով, որ նման բան ասողները հարգանք չունեն սեփական երկրի և ժողովրդի նկատմամբ. «Այսնինքն այն միլիոնավոր մարդիկ մարինոնետներ էին, հա՞: Նրանք չեն հասկացե՞լ, թե ինչ են անում: Ավելի անհարգալից վերաբերմունք սեփական ժողովրդի նկատմամբ դժվար է պատկերացնել: Այդ մարդիկ կամ շատ տխուր են, որ առանց դիակների հեղափոխություն է եղել, կամ սեփական ժողովրդի նկատմամբ պրիմիտիվ հարգանք չունեն, կամ էլ նրանց համար հարաբերությունները կարող են լինել միայն մարիոնետություն»:

Վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց, թե չի եղել որևէ դեպք, որ ինքը խնդիր դնի բռնել ինչ-որ մեկին կամ չբռնել, ու նման բան չի լինելու. «Իսկ Սերժ Սարգսյանի նկատմամբ վերաբերմունքս չի փոխվել, քաղաքական գնահատականները շարունակում են մնալ նույնը»:

Նույն շարքից