Բարի օր Հասարակություն 

Մեր դուխով են դարձել դուխով, հիմա էլ ուզում են, որ մենք մահանանք. Կամրջից գցվել ցանկացող մանկատան սան

analitik.am

Երեկ՝ նոյեմբերի 19-ին, ժամը 20:42-ին «Զատիկ» մանկատան սաներից 2-ը փորձում էին ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը: Փրկարարները ոստիկանության աշխատակիցների և քաղաքացիների օգնությամբ կանխել են քաղաքացիներ  Ա. Ղ.-ի (ծնված 1992 թ.) և Ս. Մ.-ի (ծնված 1980 թ.) ինքնասպանության փորձը:

Analitik.am-ի հետ զրույցում Սամվել Մանուկյանն ասաց, որ ինքնասպանություն կատարելու միակ նպատակն այն էր, որ երկկողմանի ծնողազուրկ և մանկատան սաների փողոցում քնելու հարցը լուծվի. «Երեխաների մի մասն այս ցրտին փողոցում քնելու պատճառով հաշմանդամություն են ձեռք բերել: Կա զոհված ազատամարտիկի երեխա, կան ջահել աղջիկներ, ես ծնողազուրկ եմ, մի խոսքով, տղաներին սարքում են հանցագործ, աղջիկներին՝ էլ չասեմ: Երեկ միայն կենտրոնի թաղապետն էր եկել՝ ամենանանորմալ մարդը»:

Մանուկյանի խոսքերով, նոյեմբերին դիմում է գրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն և խնդրել , որ ժամանակավոր կացարան տրամադրեն. «Դիմումիս մեջ նաև նշել եմ, որ ներկա պահին փաստացի բնակության վայրս Կառավարության շենքի դիմացն է,  ստանում եմ դիմումիս պատասխանը, որի մեջ նշված է, որ պետք է դիմեմ այն հասցեի  սոցապին, որտեղ գրանցված եմ, իմ բնակավայրն էլ իրենք են իրենց ձեռքով գրել՝ Կառավարության շենքի դիմաց: Այս հարցով դիմեցի Կառավարություն, մեկն իջնում ասում է Փաշինյանի օգնականն եմ, մեկն ասում է՝ հորքուրի տղան եմ  կամ երկուշաբթի կզանգենք, այս կերպով օրեր են երկարացնում»:

Ինչ վերաբերվում է «Զատիկ» մանկատան սաների ֆեյսբուքյան էջի այն հայտարարությանը, որ նոր կառավարությունը մանկատան սաների մահն է ցանկանում, Մանուկյանն ասաց, որ դա այդպես է, որովհետև այս ցրտին  ասֆալտի վրա քնելով իրենց վերջը դա է լինելու. «Երեկվա դեպքից հետո  իշխանության կողմից ոչ մի արձագանք չենք ստացել, նենց չի դեմ ենք նրանց, մեր ընտրածն են, բայց ինչպե՞ս կարող է մեր ընտրածը մեզ տրորել, վիրավորական է, չէ՞: Ինչի՞ համար այդ հեղափոխությունը եղավ, այդ դուխով գլխարկները, որ դրել էին, մեր նման տղաների դուխն էր, հո իրանցը չէ՞ր, մեր նման տղաները դուխով պառկեցին ճանապարհներին, որ Փաշինյանի ճանապարհը բացեին, և դուխովը մերն է, ոչ թե իրենը, մեր դուխով են դարձել դուխով: Գործով թող դուխը ցույց տան, միայն դա կարող եմ ասել, հասկացանք նոր են ընտրվել, չեմ մեղադրում, բայս սա շատ չնչին հարց է: Միայն Երևանում 3 հատ կիսանկուղային ազատ տարածք չկա՞, որ ժամանակավոր տրամադրեն մեզ՝ այսինքն սպասում են դառնա -20, որ մահանանք, մեկա մահանալու ենք, որովհետև այս ցրտին դուրսը քնելը  միայն դրան է հանգեցնելու»:

Մանուկյանի խոսքերով, նախկին իշխանությունների ժամանակ  գոնե կարողանում էին օրը 5000 դրամով աշխատանք գտնել. «Հիմա չենք կարողանում գոնե 4000 դրամով աշխատանք գտնել, որովհետև ինչքան գործատու կա կամ բանտում են, կամ փախել են, չգիտեմ ինչո՞ւ, բայց այսօր ավելի վատ է: Կամ արտահայտություններ ենք լսում մեր հասցեին, որ ՀՀԿ-ի կողմից ենք ուղարկված, եթե տենց է, ուրեմն, մենք Նիկոլի կողմից ենք ուղարկված ՀՀԿ-ի վրա, որովհետև ցավն այն է, որ նա մեր կողմից է ընտրվել: Կարող է գոնե մոտենալ և ինչ-որ բան ասել, բայց իջնում է և անտարբերությամբ անցնում է»:

Մանուկյանի պնդմամբ, այս պահին ոչ մի լավ բան չեն սպասում նոր կառավարությունից. «Ավելի լավ է մեզանից 2-ը մահանան, բայց մնացած երեխաների հարցը լուծվի, քան օրը մի քանի հոգի քնի և ցրտից մահանա: Փաշինյանն ասում է ժողովրդավարական երկիր է,  և ժողովորդն է իշխանությունը, ուրեմն մենք կորոշենք,  թե ինչ պետք է անել, ու թող օրերից մի օր չգա ասի՝ ի՞նչ եք անում, մենք ենք իշխանությունը, ինչ ուզում ենք, անում ենք»:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից