Գլխավոր Հասարակություն 

Ինչո՞ւ բանկերը չեն սպասարկում Իրանում ծնված և երկքաղաքացիություն ունեցող հայերին

analitik.am

Վերջերս Analitik.am-ի խմբագրություն են զանգել մի շարք քաղաքացիներ և հայտնել իրենց դժգոհությունն այն մասին, որ Իրանում ծնված հայերին Հայաստանի բանկերը չեն սպասարկում: Analitik.am-ը փորձեց պարզել, թե ինչ է իրականում տեղի ունենում և ինչի հետ է կապված խնդիրը:

Մենք նախ խոսեցինք իրանահայ և երկքաղաքացիություն ունեցող անձի հետ, ում անունն իր իսկ խնդրանքով չենք նշում: Նա հաստատեց, որ նման խնդիր իրականում կա և ոչ միայն Իրանում ծնված հայերի, այլ նաև երկքաղաքացիություն ունեցող անձանց դեպքում. «Մի քանի օր առաջ ֆեյսբուքում կարդացի, որ բանկերը չեն սպասարկելու Իրանի քաղաքացիներին, ես հանգիստ էի, որովհետև երկքաղաքացի էի: Դրանից օրեր հետո գնացի բանկ, որ հաշիվներս ստուգեմ, բայց ինձ ասացին, որ հրաման են ստացել, որում նշված է, որ եթե Իրանի ծնունդ է քաղաքացին, ապա բանկերը չեն կարող սպասարկել իրենց: Բանկի աշխատակցուհին խոսք տվեց, որ եթե երկուշաբթի այցելեմ բանկ, հրամանը ցույց կտան, բայց հետո հերքեց դա, ասելով, որ փաստացի հրաման իր մոտ չկա և դա ներքին կարգով են իրենց ասել: Ամբողջ գումարս հանեցի բանկից և շատ մեծ վնասներով: Հասկացա այն, որ տանը բարձի տակ գումար պահելն ավելի ապահով է, քան հայկական բանկերում: Բանկի  աշխատակցուհին առաջին օրն ասաց, որ հրամանը կարդացել է, բայց չի տեսել,  թե ումից է դա ստացել և ում է հասցեագրված եղել, երկրորդ օրը խոսքը փոխեց, որովհետև ասացի, որ այս խնդրի պատճառով դատարան եմ դիմելու և երևի բանկի կառավարչի հետ խորհրդակցել են, հասկացել են, որ երևի պրոբլեմատիկ եմ, որոշել են ինձ լռեցնել՝ ասելով, որ  բացառության կարգով ձեզ կսպասարկեն, բայց դա աբսուրդ է: Ասաց նաև, որ բանկի ղեկավարն էլ տեղյակ չէ, թե ումից է ստացել այդ նամակը, բայց շշուկներ եմ լսել, որ դա վարչապետի հրամանն է, ես անձամբ չեմ կարող դա հաստատել կամ հերքել: Դա իմ և մյուս քաղաքացիների իրավունքներին դեմ է, դա ոչ թե իմ անձի, այլ օրենքների խախտման խնդիր է»:

ԶԼՄ-ներում այսօր եղավ հրապարակում այն մասին, որ խնդիրը կարգավորվել է, սակայն մեզ հայտնի դարձավ, որ բանկերը շարունակում են չկատարել որոշ գործարքներ երկքաղաքացիություն ունեցող իրանահայերի հետ կապված:

Analitik.am-ը խոսեց  մի քանի բանկերի համապատասխան բաժինների հետ՝ պարզելու համար, թե ինչն է խնդիրը: Մեզ հայտնեցին, որ Իրանի քաղաքացիների հետ կապված միջազգային գործարքներ չեն կարող անել՝ նշելով, որ դա միջազգային որոշում է և վերաբերում է միջազգային գործարքներին: Նշեցին նաև, որ նման որոշումը ներքին կարգով է ընդունվել և որևէ հրաման չունեն, եթե ունեն էլ, ապա դրա մասին աշխատակիցները տեղյակ չեն: Պարզվում է, որ Իրանի քաղաքացիները և երկքաղաքացիություն ունեցող անձինք իրենց բանկային քարտով չեն կարող միջազգային փոխանցումներ անել, ինչը կապված է Իրանի նկատմամբ գործող միջազգային պատժամիջոցների հետ: Բանկերի աշխատակիցները նշում են, որ իրենք էլ հստակ չգիտեն, թե ինչու է այդպես և ով է նման հրաման տվել, քանի որ կոնկրետ բանկերին այս որոշումը ձեռնտու չէ:

Բանկերից մեկի հասարակայնության հետ կապերի պատասխանատուն էլ նշեց, որ խնդիրն այն է, որ երբ ինչ-որ պետության միջազգային կառույցներում ճանաչում են որպես տեռորիստ կամ տեռորիստին աջակից, իսկ Իրանին որպես այդպիսին ԱՄՆ-ն ճանաչում է, ապա բանկն իրավունք չունի միջազգային փոխանցումներ կատարել:

Հաշվի առնելով այն, որ գրեթե բոլոր պատասխանատուները, ում հետ խոսեց Analitik.am-ի լրագրողը, խնդրում էին, որպեսզի չհրապարակենք իրենց անունները, չենք նշում: Հետաքրքիր է, սակայն, այն, որ գրեթե բոլոր բանկերում տեղյակ չէին, թե ինչու և ով է տվել նման հրաման, բոլորն ասում էին, որ դա ներքին որոշման արդյունք է, սակայն նաև նշում էին, որ նման որոշումը ձեռնտու չէ բանկերին: Արդյունքում, անհասկանալի է, թե ինչու են բանկերը նման որոշում ընդունել, եթե դա ձեռնտու չէ իրենց և եթե չկա, այսպես ասած, հրաման վերևից:

Նշենք, որ այսօր՝ նոյեմբերի 20-ին, կայացած ասուլիսի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բանկային համակարգում մեխանիզմներն աշխատում են հետևյալ կերպ՝ ընկերությունն ունի հարաբերություններ ամերիկյան ընկերության հետ և ունի հարաբերություններ իրանական ընկերության հետ, և ամերիկյան գործընկերն իրենց առջև դնում է ընտրություն, եթե ուզում է աշխատել ամերիկյան ընկերության հետ, ապա պետք է դադարեցնի  հարաբերություններն իրանական ընկերության հետ:

Փաշինյանի կարծիքով, սա մասնավոր ընկերության ընտրության հարցն է, թե ում հետ է ցանկանում աշխատել, սակայն այս դեպքում կա խնդիր, որը կապված է ՀՀ քաղաքացիների իրավունքների ոտնահարման հետ: Երկքաղաքացիություն ունեցող անձանց դեպքում կառավարությունը պետք է ձեռնարկի համապատասխան քայլեր իր քաղաքացիների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ:

Analitik.am-ը շարունակելու է ուսումնասիրել այս հարցը և հասկանալ, թե ինչո՞վ է պայմանավորված բանկերի կողմից Իրանում ծնված, երկքաղաքացիություն ունեցող հայերին սպասարկելուց հրաժարվելը՝ ներքին որոշմա՞մբ, թե՞ այդուհանդերձ եղել է հրաման վերևից:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից