Քաղաքականություն 

Ինչու է Փաշինյանը Պուտինին ասում, որ պետք չէ միջամտել մեր ներքին գործերին, սակայն դա չի անում Բոլթոնի դեպքում. Բաբուխանյան

analitik.am

Մենք տեսնում ենք, որ ԵԱՏՄ անդամ երկրների հետ կոնֆրոնտացիայի ճանապարհ է անցկացվում Հայաստանի կողմից, ինչը մտահոգիչ է: Այսօր՝ նոյեմբերի 21-ին, խորհրդարանում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:

Բաբուխանյանի խոսքերով, կոնֆրոնտացիայի ճանապարհը ստանում է հակազդեցություն, երկրների հարաբերությունները դառնում են շատ վտանգավոր և դաշնակից պետությունների միջև լարվածությունը մտահոգիչ է. «Մենք չենք հասկանում մոտեցում, որ ՀՀ իշխանությունները շատ տարօրինակ են արձագանքում որոշ իրավիճակների, երբ դրանք վերաբերում են Ռուսաստանին, կամ ԵԱՏՄ-ին, կամ ՀԱՊԿ-ին, փոխարեն շատ մեղմ են արձագանքում շատ ավելի վտանգավոր իրավիճակներին, երբ օրինակ ԱՄՆ պաշտոնյաները մեզ կոչ են անում հրաժարվել մեր ավանդույթներից, անգամ մեր ազատագրած տարածքներից Արցախում:

Մեզ համար անհասկանալի է, թե ինչու է կոնֆրոնտացիայի ճանապարհով գնում երկխոսությունը ԵԱՏՄ-ի կորիզը կազմող մեր գործընկերների հետ, ինչու է մեր երկրի վարչապետը Վլադիմիր Պուտինին ասում՝ պետք չէ խառնվել մեր ներքին գործերին, իսկ երբ ԱՄՆ-ից գալիս է Բոլթոնն ու ասում, թե ինչպես մենք պետք է ապրենք, որ պետք է հրաժարվենք մեր ազատագրած տարածքներից, դա չի ընկալվում միջամտություն մեր ներքին գործերին: Ես կոչ եմ անում մեր կառավարությանը դադարեցնել կոնֆրոնտացիան մեր դաշնակից և գործընկեր երկրների հետ և գտնել մեր փոխհարաբերությունները շարունակելու բանաձևը»:

Նույն շարքից