Գլխավոր Քաղաքականություն 

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն իրեն «մաչո» ներկայացնում. Աշոտյանը հիշեց նաև Տեր-Պետրոսյանի մասին

analitik.am

Ինչ վատ տեղից էս նկարում, այստեղից միշտ վատ եմ դուրս գալիս: Լրագրողների հետ զրույցի ժամանակ կատակեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ դիմելով լրագրողներից մեկին:

Խոսելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, որ ինքը բոլոր խոստումները կատարել է, Աշոտյանը նշեց՝ շատ բուռն երևակայություն պետք է ունենալ նման բան ասելու համար. «Երբ ասում է արտոնյալներ չկան, թող գոնե ձևի համար հավանություն տար իմ նախագծին, որով ով ասես, ոնց հասցներ չօգտվի վարչապետի օդանավից ու ուղղաթիռից: Անգամ անձնական գործերով օգտվում են: Հակակոռուպցիոն պայքարի մասին է խոսում, մի հատ գործ ասեք, որ ավարտվել է ու դատավճիռ կա: Ավելին ասեմ… լավ չեմ ասի, վաղը չէ մյուս օրը կասեմ»:

Աշոտյանը խոսեց նաև ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակի մասին՝ հայտարարելով, որ պետք չէ մոռանալ, թե ինչից է սկսվել կինոն. «ՀԱՊԿ-ում Հայաստանի արկածների սերիալը սկսվել է Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ, ներքաղաքական շահով թելադրված, Խաչատուրովի հանդեպ հարուցված քրգործի շրջանակներում ՀԱՊԿ-ի հանդեպ ոչ հարգալից վերաբերմունքից: Օդից չի ընկել թեման: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ՀԱՊԿ-ի գործընկերներին չզգուշացրեցին իրենց քայլերի մասին՝ դա անելով ներքաղաքական շահարկումներից ելնելով, հիմա հետևանքների դեմ պայքարում ենք ազգովի: Ինչո՞ւ էր պետք նման բան անել: Ինչո՞ւ է նա փորձում ցույց տալ, որ ինքը «մաչո» է, իբր դուրս է գալիս ու պայքարում: Հայաստանից դուրս ես այս 6 ամիսների ընթացքում հետապնդել եմ բացառապես ՀՀ պետական շահը և այսօր էլ եմ դա անում: Նա ստեղծում է մի իրավիճակ, որ մենք՝ անկախ մեր քաղաքական համոզմունքներից, ՀՀ պետական շահն ենք առաջ տանում: Իսկ երեկ նա ակնարկեց ՀԱՊԿ-ում Հայաստանի նահանջի ճանապարհի մասին, երբ ասաց, որ այդ պաշտոնը երրորդական ու չորրորդական է: Այնպես չէ, որ Բելոռուսի նախագահը միշտ սիրել է Հայաստանը, ուղղակի մենք աշխատել ենք, շոու չենք արել, իսկ Փաշինյանը շոու է անում՝ ու արդյունքը կտեսնենք: Մեզ համար կարևորն արդյունքն է եղել, իսկ Փաշինյանի համար՝ շոուն»:

Ինչ վերաբերում է նրան, որ Հայաստանը կարող է ՀԱՊԿ-ում դիմել վետոյի իրավունքին, Աշոտյանը հայտարարեց, որ վետոյով երկիրը ստորագրում է նրա տակ, որ իր դիվանագիտությունը տապալվել է և միակ գործիքը մնացել է վետոն. «Ես կարող եմ անձնական կանխատեսում անել, թե ինչ կլինի: Ուզում եմ պարզապես հիշեցնել, որ Հայաստանը խոշոր հարցերում մեկ անգամ է վետո դրել ՝ Լիսաբոնի գագաթաժողով, Լևոն Տեր-Պետրոսյան: Հայաստանի արտաքին քաղաքականությունն այլևս գործիքակազմ չուներ և հակահայկական, հակաարցախյան բանաձևի վրա վետո դրեց: Իհարկե Հայաստանն անկախ ամեն ինչից իր շահերը պետք է պաշտպանի, սակայն դա դիվանագիտական սնանկության վկայություն կարող է դառնալ»:

Նույն շարքից