Բարի օր Հասարակություն 

Հասկացանք, որ նոր իշխանություններն էլ թքած ունեն իրենց քաղաքացիների խնդիրների և ճակատագրերի վրա. Կոնդի բնակիչ

analitik.am

Երևանի ամենահին թաղամասերից մեկը Կոնդն է, որը տարիների ընթացքում մնացել է անփոփոխ, Analitik.am-ի հետ զրույցում ասաց տեղի բնակիչներից տիկին Անահիտը. «Այստեղ այնպիսի վիճակ է, որը Երևանում այլևս գոյություն չունի, Կոնդը Հայաստանի մայրաքաղաքի պատմական կորիզն է: Այստեղ բոլոր փողոցները շատ նեղլիկ են, տան առաստաղները շատ ցածր են, հին այգիները և մնացած բոլոր հնությունները պահպանել են հին Երևանի ողջ կոլորիտը»:

Տիկին Անահիտը նշեց նաև, որ Կոնդի բնակիչների մի մասը հեռացել են, իսկ մյուս մասն էլ վախենալով են բնակվում, որովհետև ապահով չեն համարում իրենց բնակարանները. «Կոնդում կա հին պարսկական մզկիթ, որը 1988 թվականի երկրաշարժի ժամանակ կիսով չափ քանդվել է, իսկ կանգուն մնացած մասում ներկա պահին մարդիկ են բնակվում»:

Մզկիթը բնակարան դարձրած կոնդեցի բնակիչը նշեց, որ այդտեղ բնակվում է 1944 թվականից. «Այդ շենքն արդեն 2 դար կանգուն է, և վստահ չենք, որ չնչին բալային երկրաշարժից հետո նորից կանգուն կմնա»:

Կոնդի բնակիչը նշեց նաև, որ և՛ նախկին իշխանությունների կառավարման ընթացքում են դիմել այս խնդրի լուծումը ստանալու համար, և՛ հեղափոխությունից հետ նոր իշխանություններին. «Մենք կարծում էինք, որ հեղափոխությունից հետո նոր իշխանությունները կզբաղվեն այս հարցով, որովհետև արդեն 10 տարի է, որ մեր բնակարանները քանդել են և մեզ փողոցում են թողել: Արդեն 80 տարեկան եմ, գոնե տուն ունենամ, որ տանս մեջ մահանամ: Մենք ոչ մեկից ողորմություն չենք խնդրում, միայն մեր բնակարաններն ենք ուզում: Ի՞նչ իրավունքով են մեզ դուրս շպրտել և բնակարաններով չեն ապահովում»:

Տիկին Անահիտի պնդմամբ, նախկին իշխանություններից պահանջում էին, որ լքեն իրենց աթոռները, որովհետև ոչ ոք իրենց հասանելի գործը չէր անում. «Մեծ հույսով մասնակցել ենք հեղափոխությանը, մտածել ենք, որ դրանից հետո գոնե դրսում չենք մնա, որովհետև կդառնա ժողովրդավարական երկիր, բայց ի՞նչ ենք տեսնում: Չեմ հասկանում, ինչի՞ համար տեղի ունեցավ հեղափոխություն, որ պետք է ամենակարևոր խնդիրներին լուծում չտրվեր»:

Մեզ հետ զրույցում Կոնդի բնակիչը նշեց նաև, որ իրենց թաղամասի ողջ բնակիչները որոշել էին ընտրության չմասնակցել, բայց մասնակցեցին, որովհետև մեծ հույսեր ունեին նոր իշխանությունների հետ կապված. «Մտածում էինք, որ գոնե նոր իշխանությունը խիղճ կունենա, բայց հասկացանք, որ նրանք էլ թքած ունեն իրենց քաղաքացիների խնդիրների և ճակատագրերի վրա: Թե՛ ներկա և թե՛ նախկին իշխանության ներկայացուցիչները ժողովրդին անտեսել են, նրանց իրավունքները գցել են ոտքի տակ»:

Կոնդի բնակչի խոսքով, երկրից փախչելն ավելի հեշտ է իրենց համար, քան ինչ-որ մեկից բնակարան ստանալը. «Չնայած նրան, որ հույսներս կորցրել ենք, բայց որոշել ենք մինչև վերջ գնալ և ստանալ մեզ հասանելիք բնակարանները: Նախկին իշխանությունների ժամանակ, վարձով բնակվելու համար, գոնե մի կերպ գումար էինք պոկում իրենցից, բայց հիմա դա էլ չկա: Նախկին քաղաքապետից հույսներս կորցրել էինք, բայց նա գոնե տարին մեկ անգամ հետաքրքրվում էր, բա հիմկիվա քաղաքապետն ո՞ւր է, ինչո՞ւ չի հետաքրքրվում՝ գոնե ձևական»:

Մեր զրուցակիցն ասաց նաև, որ իր համար երազանք է դարձել երկրի համար անհանգստացող, ժողովրդի ճակատագրերով և խնդիրներով հետաքրքրվող ղեկավար տեսնելը:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից