Հասարակություն 

Կառավարության սպասելիքը քրեակատարողական համակարգից մեծ է. Արտակ Զեյնալյան

analitik.am

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր Քրեակատարողական ծառայության ղեկավար անձնակազմի հետ խորհրդակցություն է անցկացրել: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, Քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանը, ՔԿՎ պետի տեղակալները, քրեակատարողական հիմնարկների պետերը, այլք:

Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ խորհրդակցությունը պայմանավորված է Կառավարության կողմից այս ոլորտը կարևորելու վճռականությամբ, որի ապացույցը վերջին տասը տարիների ընթացքում առաջին անգամ ՔԿ հիմնարկներում պահվող դատապարտյալների և կալանավորված անձանց բնակության կոմունալ-կենցաղային պայմանների բարելավման համար մոտ 280 միլիոն դրամ հատկացնելու որոշումն էր:

«Կառավարության սպասելիքը քրեակատարողական համակարգից մեծ է: Տարիների ընթացքում այս համակարգի վերաբերյալ հանրության շրջանում ձևավորվել են կարծրատիպային ընկալումներ, օբյեկտիվ հիմքեր ունեցող վերաբերմունք և գնահատականներ, և մեր Կառավարության խնդիրը դրանց հնարավորինս արագ և համակարգային լուծում տալն է»,- ասել է Արտակ Զեյնալյանը՝ միաժամանակ նշելով, որ նոր Կառավարության գործունեության ժամանակահատվածում շոշափելի դրական փոփոխություններ են արձանագրվել: Չնայած դրան՝ նախարարի պաշտոնակատարը հորդորել է չբավարարվել այդ արդյունքներով և անել առավելագույնը համակարգում էական առաջընթաց ապահովելու համար:

Այնուհետև, Արտակ Զեյնալյանը ՔԿՎ ղեկավար անձնակազմի հետ քննարկել է դատապարտյալների պահման պայմաններին, սննդի որակին, քրեական ենթամշակույթի վերացմանը, ինքնավնասումների, ինքնասպանության փորձերի դրդապատճառներին վերաբերող մի շարք հարցեր: Նախարարի պաշտոնակատարը հանձնարարել է խիստ վերահսկել և կանխել կոռուպցիայի, մոլեխաղերի, արգելված իրերի ներթափանցման ցանկացած դրսևորում, իսկ դատապարված անձի կողմից պատշաճ վարքագիծ դրսևորելու դեպքում կիրառել խրախուսական միջոցներ:

Քրեակատարողական հիմնարկների պետերի զեկույցների ընթացքում արձանագրվել է հանձնուքների նվազեցման միտում, որը նրանք պայմանավորել են սննդի որակի բարելավմամբ, ինչպես նաև դատապարտված անձանց կարգապահության փոփոխություն՝ պայմանավորված պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի նկատմամբ վստահության բարձրացմամբ:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև դատապարտյալների, ինչպես նաև համաներմամբ ազատվածների համար վերասոցիալականացման ծրագրերի, ՔԿՀ-ներում պահվող անձանց համար կրթական ծրագրերի իրականացման հնարավորություններին, ինչպես նաև ՔԿՀ-ներում առկա թափուր հաստիքները համալրելուն ուղղված աշխատանքներին:

Նույն շարքից