Հասարակություն 

Նոր սարքավորման շնորհիվ կիրականացվի սեյսմակայունության ավելի ճշգրիտ գնահատում և մշտադիտարկում

analitik.am

ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Արկադի Բալյանն ընդունեց ՌԴ ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության և ԱԻ համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի մասնագետներին ու ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հինգ աշխատակիցների, որոնք մասնակցել են շարժական դիագնոստիկ լրակազմ «Ստրունա-2»-ի շահագործման հմտությունների ուսուցման դասընթացներին:

Հանդիպման նպատակն էր դասընթացի մասնակիցներին հանձնել մասնագիտական որակավորման վկայագրեր:
Դասընթացները, որոնք վարել են ՌԴ-ից ժամանած երեք բարձրակարգ մասնագետներ, անցկացվել են հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 20-ը Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում: Շենքերի տեխնիկական վիճակի և սեյսմակայունության գնահատման նպատակով լրակազմ սարքի օգնությամբ հետազոտական աշխատանքներ են իրականացվել Մասիս քաղաքում գտնվող թիվ 4 մանկապարտեզում, Գեղարդի վանքում, ԱԻ նախարարության բարձրահարկ մասնաշենքում և Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի երկու մասնաշենքերում:
Փոխնախարար Ա. Բալյանը, շնորհակալություն հայտնելով ուսուցանող անձնակազմին փորձի և հմտությունների փոխանցման, ինչպես նաև սրտացավ վերաբերմունքի համար, հույս հայտնեց, որ վերապատրաստված մասնագետների շնորհիվ կենտրոնի գործունեությունը կլինի առավել արդյունավետ:

Ռուս-հայկական կենտրոնի տնօրեն Պ. Գյոզալյանն առաջարկեց 2019թ. ևս մեկ դասընթաց կազմակերպել, քանի որ սարքավորումները բազմաֆունկցիոնալ են և կարճ ժամանակում հնարավոր չէ տիրապետել դրանց օգտագործման ու արդյունքների վերլուծության բոլոր գործառույթներին:

Կենտրոնի համատնօրեն Յ. Պոլիշյուկը հավելեց, որ վերապատրաստված աշխատակիցները կարող են առցանց համագործակցել ՌԴ մասնագետների հետ և ստանալ ընթացքում առաջացած բոլոր հարցերի պատասխանները:

Նշենք, որ Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնն անցած տարում, ի թիվս այլ սարքավորումների, համալրվել էր նաև «Ստրունա-2» շարժական դիագնոստիկ համալիրով, որը նախատեսված է երկրաֆիզիկական գնահատման և շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի սեյսմակայունության մոնիթորինգի իրականացման համար:

Նույն շարքից