Բարի օր Հասարակություն 

Եթե Փաշինյանն այսօր չհանդիպի մեզ հետ, գնալու ենք իր բնակարան. Մանուկյան

analitik.am

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, քառօրյա պատերազմի տասնյակ մասնակիցներ կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց են իրականացրել: Նրանք պահանջում են վերջնականապես լուծել ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած տղաներից շատերի զինգրքույկներում մասնակցության փաստը չնշելու հարցն ու այդ հարցով հանդիպում են պահանջում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։

Analitik.am-ի հետ զրույցում «Դիրքապահ քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Մանուել Մանուկյանն ասաց, որ այս խնդրի լուծման համար բազմիցս դիմել են վարչապետին, անգամ պայմանավորվածություն են ձեռք բերել ՊՆ նախարարության և վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչների հետ. «Դիմում ենք գրել, բայց արձագանք դեռ չենք ստացել, կոպիտ ասած, ցրում են այս հարցը, որովհետև նոր օրենքներ պետք է ընդունվի, և դրա համար էլ չեն ուզում նոր խնդիրների մեջ մտնել»:

Մանուկյանը նշեց նաև, որ իրենց դեռ չի հաջողվել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել, բայց իրենց պահանջները լսելու համար ներքև է իջել վարչապետի խորհրդականը:

Հարցին, թե ի՞նչ են խոսել վարչապետի խորհրդականի հետ, Մանուկյանն ասաց, որ ինչ մնացած խորհրդականներն են ասում, նույնն էլ այս մեկն ասաց. «Ասաց, որ հարցը լուծված է, բայց նույնն այն ժամանակ էլ էին ասում, բայց հարցը դեռ մնում է չլուծված: Բացի զինգրքույկների խնդրից կա նաև վիրավոր տղաների և համալսարաններում զեղչերի հարցը»:

Մեզ հետ զրույցում Մանուկյանն ասաց, որ այս հարցի մասին բոլորը տեղյակ են, և իրենք որոշել են Փաշինյանին անձամբ ներկայացնել իրենց խնդրի մասին, որ պարզաբանում ստանան, թե ինչի համար են անլուրջ վերաբերվել և մատների արանքով նայել իրենց բարձրաձայնած հարցին:

«Դիրքապահ քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Մանուկյանը նշեց նաև, որ եթե Փաշինյանն այսօր չհանդիպի իրենց հետ, պատրաստվում են գնալ Փաշինյանի բնակարան:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից