Չկա մի երկիր, որտեղ կոռուպցիոն երևույթներ չկան: Լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ համաձայնվելով, որ այն կա նաև Հայաստանում:
Շարմազանովի խոսքերով, ՀՀ նոր իշխանությունները հայտարարում են, որ երկրում համատարած կոռուպցիա է եղել, այսինքն բանակը, ոստիկանությունը, ԱԱԾ-ն և բոլոր մարմինները թաթախված են եղել կոռուպցիայի մեջ. «Հիմա Փաշինյանը նախագահի վերահսկողության պետին և ՊԵԿ-ում երկար տարիներ աշխատած մարդուն նշանակել է բարձր պաշտոնի: Եթե նշանակել է, ուրեմն այդ մարդիկ մաքուր են, եթե մաքուր են եղել, ուրեմն կոռուպցիայի մեջ չեն եղել, այսինքն համատարած կոռուպցիա չկա: Իսկ եթե մաքուր չեն եղել, ուրեմն նա խրախուսում է կոռուպցիան»։
ԱԺ խոսնակը նշեց նաև Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի մասին՝ հայտարարելով, որ վերջինս եղել է փոխնախարար ու Փաշինյանը նրան նախարար է նշանակել, ինչը նշանակում է, որ բանակում չի եղել համատարած կոռուպցիա. «Համատարած կոռուպցիան չի կարող լինել մի տեղ ու փոխնախարարը դրա մեջ չլինի: ԱԱԾ տնօրեն է նշանակել շատ հարգելի Վանեցյանին, շատ էլ լավ է արել: Արթուր Վանեցյանը եղել է Երևանի ԱԱԾ պետի տեղակալը: Եթե նա կոռուպցիոն սկանդալի մեջ չի եղել, ուրեմն համակարգում կոռուպցիա չի եղել: Նույնը կարող եմ ասել Հունան Պողոսյանի մասով»:
Շարմազանովը հայտարարեց՝ եթե Փաշինյանը բանակում, ոստիկանությունում, ԱԱԾ-ում, ՊԵԿ-ում բարձր պաշտոնների է նշանակել հին աշխատողներին, նշանակում է, որ ադ համակարգերում համատարած կոռուպցիա չի եղել, հետևաբար համատարած կոռուպցիա չի եղել նաև երկրում, քանի որ դա անհնար էր, առանց վերոնշյալ համակարգերում համատարած կոռուպցիայի։