Հայաստան Քաղաքական 

Նիկոլ Փաշինյանի մարզային հանդիպումների որոշ հատվածներ, այո, քարոզչություն են. Արմեն Ռուստամյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մարզային հանդիպումների որոշ հատվածներ, այո, քարոզչություն են: Լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Ռուստամյանի խոսքերով, երբ խոսքը վերաբերում է այս կամ այն քաղաքական ուժին քվե տալու կոչին, ինչը թույլատրելի է միայն քարոզարշավի ժամանակ, միշտ էլ խնդիրներ առաջանում են: Այդպես եղել է նաև նախկինում, երբ իշխող ուժը վարչապետի կամ այլ պաշտոնյայի դեմքով իբրև թե իր աշխատանքային ժամերին քարոզ չի անում, սակայն իրականում անում է: ՀՅԴ-ականը կարծում է, որ սրանից 100 տոկոսով ազատվել հնարավոր չէ, իշխող ուժերը միշտ էլ հնարավորություններ ունենում են, սակայն պետք է գոնե զերծ մնալ բացահայտ քարոզից, ինչի արդյունքում դեժավյուի տպավորություն է ստեղծվում, քանի որ նույն բառապաշարն է օգտագործվում, նույն ձևով փորձում են համոզել, թե քարոզչություն չի իրականացվել և այլն:

ԱԺ պատգամավորը նշեց, որ հարցով առաջին հերթին պետք է զբաղվի ԿԸՀ-ը՝ հստակ սահմանելով, թե ինչն է քարոզը, երբ կարելի է զբաղվել դրանով, որն է խախտում և այլն: Նրա խոսքերով, ԿԸՀ-ն այս հարցում յուրօրինակ դատարանի դեր պետք է կատարի: Ռուստամյանը կարծում է, երբ գործընթացին մասնակցող կողմերը մտահոգություն են հայտնում, նշանակում է արդեն խնդիր կա, հետևաբար հանձնաժողովը պետք է լինի անաչառ դատավոր, պատասխան տա հարցերին, մոնիթորինգ անցկացնի և այլն:

ՀՅԴ-ականը կուսակցության կարգախոսը չհայտնեց:

ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը մեկնարկելու է նոյեմբերի 26-ին:

Նույն շարքից