Այսօր՝ նոյեմբերի 22-ին, կառավարության նիստից հետո Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, պատասխանելով հարցին, թե իրեն չի մտահոգում արդյո՞ք այն, որ ոստիկանները որոշում են զբաղվել քաղաքականությամբ, հայտարարեց, որ ոստիկանական ընտանիքը մեծ ընտանիք է, կան բազմաթիվ պրոֆեսիոնալներ, անփոխարինելիներ չկան, կգան նոր կադրեր, ովքեր պակաս լավ չեն աշխատի:
Հիշեցնենք, որ ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանն ազատվել է աշխատանքից և «Իմ քայլը» դաշինքի ցուցակով մասնակցել է խորհրդարանական ընտրություններին:
Ինչ վերաբերում է հարցին, թե համաներումից հետո հանցագործությունների թիվն աճել է, ոստիկանապետը համաձայնեց դրա հետ՝ միևնույն ժամանակ նշելով, որ աճն այնպիսին չէ, որ մտահոգիչ ու ռիսկային լինի. «Այն առայժմ կապ չունի համաներման հետ, պայմանավորված է մի քանի գործոններով, ինչի մասին մենք արդեն խոսել են: Նախ դրա պատճառն այն է, որ ոստիկանությունում իսպառ վերացվել է հանցագործությունները թաքցնելու պրակտիկան, քաղաքացիները սկսել են ավելի շատ վստահել ոստիկաններին և ավելի շատ են դիմում, աճել են տնտեսական, լատենտային հանցագործությունները: Սրանով է աճը պայմանավորված: Գնահատականը դուք տվեք ծանր հանցագործությունների թվի մասով»:
Օսիպյանը հայտարարեց, որ Վլադիմիր Գասպարյանը միշտ պահանջել է չթաքցնել հանցագործությունները. «Թաքցնելը տեսեք, թե ինչպես է եղել: Օրինակ քաղաքացին գալիս էր իր բնակարանի գողության մասին հայտնելու, ոստիկանները համոզում էին, որ նա գնա՝ խոստանալով գողին հայտնաբերել, ոչ պաշտոնական ընթացք էին տալիս: Այսինքն փաստացի դեպքը լինում է, դրանով զբաղվում են, սակայն պաշտոնապես չի գրանցվում»: