Այսօր՝ նոյեմբերի 22-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, պատասխանելով հարցին, թե ինչպես են պատրաստվում քարոզարշավի ժամանակ ապահովել ընդդիմադիրների անվտանգությունը (Լրագրողը հատուկ շեշտեց Արմեն Աշոտյանի անունը՝ նշելով, թե վերջինս հասարակության կողմից ընդունելի չէ), կոչ արեց լրագրողին կոռեկտ լինել բառերի մեջ. «Չեմ կարող ասել, որ հանրությունն Աշոտյանին չի ընդունում: Ձեր կարծիքը Ձեր մեջ պահեք: Մեր պայմանները բոլորի համար հավասարաչափ է լինելու: Ես նոյեմբերի 26-ից շրջագայություններ եմ ունենալու մարզերում, հանդիպումներ եմ ունենալու մարզային կառույցների շտաբերի ղեկավարների հետ: Բոլորին հրավիրելու ենք: Ով գա, կմտածենք, որ նրանք ուզում են համագործակցել ոստիկանության հետ, ունենալ ազատ, թափանցիկ և արդար ընտրություններ: Ես ներկայացնելու եմ ոստիկանության տեսակետը, որը քաղաքական չէ, քանի որ ոստիկանությունը քաղաքական մարմին չէ»:
Օսիպյանը հայտնեց, որ հանդիպումների է հրավիրելու նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներին, որպեսզի համագործակցության արդյունքում հնարավոր լինի խուսափել խնդիրներից:
Ինչ վերաբերում է Արմեն Աշոտյանի այն հայտարարությանը, որ տարբեր մարդիկ մոտենում են իր ընկերներին և հորդորում չաջակցել Հանրապետականին, ոստիկանապետը նշեց, որ այդ մասին տեղեկություններ չունի, իսկ եթե Աշոտյանը բողոք ունի, կարող է դիմել ոստիկանությանը: