Երկիրը 9,7 տոկոս տնտեսական աճով տվել ենք Փաշինյանին, իսկ նրանց ներկայացրած պետական բյուջեում գրված է 4,9 տոկոս տնտեսական աճ: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ Ալավերդիում՝ կապված գործարանի փակման հետ, 630 մարդ կանգնած է աշխատանքը կորցնելու առաջ:
Շարմազանովը չի կարողանում հասկանալ Փաշինյանի այն հայտարարությունը, թե ինչպես կարելի է 80 հազար դրամ աշխատավարձով ապրել՝ նշելով, որ մինչև մարդկանց այդ 80 հազար դրամ աշխատավարձով աշխատանքից զրկելը, պետք է քաղաքացիներին այլ աշխատանք առաջարկել. «Այս ամիսներին Փաշինյանն առաջարկել է միայն կրճատումներ, աշխատատաեղեր փակել և իր գործընկերն ասել է, որ պետք է սպասել ևս երեք տարի ներդրումների համար»:
ԱԺ փոխխոսնակի ասածը մասնավորապես վերաբերում է ուսուցիչների կրճատմանը, որը, ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի խոսքերով, տեղի է ունենալու և միայն այն ժամանակ, երբ համակարգ ստեղծվի, որի միջոցով աշխատանքից ազատված ուսուցիչները կվերապատրաստվեն և այլ աշխատանք կունենան:
Շարմազանովը կոչ է անում մտնել խանութներ, տեսնել՝ ապրանքները թանկացել են, թե չէ. «Ասում է, որ բանանն էժանացել է, չհասկացա, մեր ժողովուրդը միայն բանան պետք է ուտի: Պարոն Վարչապետ, Դուք Ձեր խոստումների ձեռքը կրակն եք ընկել: Թռիչքային զարգացում է խոստացել, չի ասել, որ էվոլուցիոն զարգացում է լինելու: Փաշինյանը հայտարարում էր, որ ճանապարհներից պետք է վերացվեն տեսախցիկներն ու արագաչափերը: Այսօր ասում է, որ արագաչափերը պետք են: Նույնը կարող եմ ասել կարմիր գծերի մասին: Ասում էր, որ Բաղրամյան 26-ից այլևս չեն զանգահարելու դատավորներին, իսկ հանրահավաքին ասում է, թե ուզում է տեսնել դատավորին, ով իր ասածը չի անի: Քառօրյա պատերազմի օրերին, նա հայտարարեց, որ պատերազմն Ադրբեջանին ԵԱՏՄ մտցնելու համար է և համաձայնեցված է Ռուսաստանի հետ: Երբ Ռուսաստան է գնում, Պուտինին 20 անգամ «спасибо» ասելուց և հայ ռուսական հարաբերությունները փայլուն անվանելուց բացի այլ բան չի ասել: Լսե՞լ եք, որ ասի ապրիլյան պատերազմը համաձայնեցված է Ռուսաստանի հետ: Ասում էր, որ ԵԱՏՄ-ն Հայաստանի ինքնիշխանությանը վնաս է, իսկ այսօր դարձել է ԵԱՏՄ-ի ամենամոլի ջատագովը: Նույնը՝ կուտակայինի մասով: Փաստերով եմ խոսում: Պատգամավոր սափրված Փաշինյանն ու թրաշով վարչապետ Փաշինյանը տարբեր բաներ են ասում»: