Երեկ՝ նոյեմբերի 21-ին, ապրիլյան քառօրյա պատերազմի որոշ մասնակիցներ կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց էին իրականացնում՝ պահանջելով վերջնականապես լուծել ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած տղաներից շատերի զինգրքույկներում մասնակցության փաստը չնշելու հարցն ու այդ հարցով հանդիպում պահանջելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։
Մեզ հետ զրույցում «Դիրքապահ քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Մանուել Մանուկյանը նշել էր՝ եթե Փաշինյանը չհանդիպի իրենց հետ, պատրաստվում են գնալ Փաշինյանի բնակարան: Ավելի ուշ վարչապետի պաշտոնակատարը կառավարության շենքի դիմաց հանդիպել էր տղաների հետ:
Այսօր Analitik.am-ի հետ զրույցում Մանուկյանը հայտնեց, որ հանդիպում են ունեցել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ. «Հանդիպել ենք պարոն Փաշինյանի հետ, ներկայացրել ենք 3 խնդիրների մասին: Մենք պահանջում են, որ քառօրյա պատերազմին մասնակցած տղաների զինգրքույկներում քառօրյայի մասնակցության փաստը նշվի, համալսարաններում ուսման վճարները զեղչվի և ամենակարևորը, որ վիրավոր զինվորներն ամբողջությամբ բուժօգնություն ստանան: Հանդիպման ժամանակ Փաշինյանը պատճառաբանեց, որ ֆինանսական խնդիրներ կան, իսկ մենք առաջարկեցինք, որ դիմեն պետական և մասնավոր բժշկական հաստատություններին, որովհետև զինվորների առողջական հարցերը չեն կարող սպասել այնքան, մինչև երկրում գումարային խնդիրները լուծվեն»:
Մանուկյանը նշեց նաև, որ հանդիպման ընթացքում վարչապետի պաշտոնակատարն առաջարկել է ցուցակ կազմել և իրեն ներկայացնել այն զինվորների անունները, ովքեր ամենաշատն ունեն բժշկական օգնության կարիք. «Այսօր, կառավարության նիստի ժամանակ քննարկվել է այս հարցը, և ՊՆ-ի ներկայացուցիչն ասել է, որ այս հարցի մասին կլինեն համապատասխան գրառումներ, և որ այդ ուղղությամբ հիմա աշխատանքներ են տարվում»:
Այսօր կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսել է իրեն դիմած ապրիլյան պատերազմի մասնակիցների հարցի մասին: «Երեկ ես հանդիպեցի ապրիլյան պատերազմի մասնակից տղաների հետ: Նրանք հարց էին բարձրացնում, որ իրենց զինվորական գրքույկներում նշում արվի պատերազմին իրենց մասնակցության մասին»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը մանրամասներ է ներկայացրել բարձրացված խնդրի լուծման ուղղությամբ իրականացող քայլերի մասին: Վարչապետի պաշտոնակատարը հորդորել է խնդիրը պահել ուշադրության կենտրոնում և տալ համապատասխան լուծումներ:
Օֆելի Իսրայելյան