Հայաստան Քաղաքական 

Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը հերքում է

Այսօր Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից Առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնի գլխավոր մասնագետ Բաբկեն Մկրտչյանը բաց նամակով դիմել է Հայաստանի Հանրապետության վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, որտեղ փորձ է արվում ապատեղեկատվություն տարածել և վարկաբեկել Դավթաշեն վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Միքայել Թումասյանի բարի համբավը: Բաբկեն Մկրտչյանն իր բաց նամակի մեջ նշում է, թե, իբր, վարչական շրջանի ղեկավարն իր մոտ է կանչել նրան և հորդորել ազատման դիմում գրել: Ըստ Բաբկեն Մկրտչյանի, պատճառը վերջինիս ՀՀԿ անդամ լինելն է:

Նշենք, որ վերոնշյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Նախ Միքայել Թումասյանը Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո որևէ աշխատակցի չի հեռացրել աշխատանքից՝ հաշվի չառնելով աշխատակազմի մեծ մասի ՀՀԿ անդամ լինելը: Մ.Թումասյանը կարևորել և կարևորում է յուրաքանչյուր աշխատակցի մասնագիտական և մարդկային որակները, այլ ոչ թե որևէ քաղաքական կուսակցության պատկանելությունը:

Նշենք, որ այսօր վարչական շրջանի ղեկավարը մասնավոր զրույցում Բ.Մկրտչյանին պարզապես առաջարկել է առևտրի, սպասարկումների և գովազգի բաժնից տեղափոխվել մեկ այլ բաժին, քանի որ նախորդ օրը Բ.Մկրտչյանը բախում է ունեցել վարչական շրջանում առևտրով զբաղվող բնակիչների հետ: Կարևոր է այն հանգամանքը, որ դեպքը եզակի չէ, և վարչական շրջանում առևտրով զբաղվող բնակիչները բողոքում են, որ Բ.Մկրտչյանը մշտապես աչքի է ընկել իր ագրեսիվ պահվածքով:

Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ

Նույն շարքից